ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՓԱԹԵԹԸ ԱՄՆ-ԻՑ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային ռազմական աջակցության ամենամեծ փաթեթը հատկացնելու մասին, այն կազմում է 2,98 միլիարդ դոլար, ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Հատկացված գումարը թույլ կտա Կիևին ձեռք բերել հակաօդային պաշտպանության և անօդաչուների դեմ պայքարի համակարգեր։ Բայդենը նաև շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ, ընդգծել՝ Ուկրաինան կա և կլինի ինքնիշխան ու անկախ պետություն։
Անկախության օրվա առթիվ Բորիս Ջոնսոնը մեկնել է Ուկրաինա, հանդիպել Վոլոդիմիր Զելենսկու հետ: Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինային 63,7 միլիոն դոլարի չափով օգնության խոշոր փաթեթ տրամադրելու մասին։
Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն էլ հայտարարություններ են հրապարակել, ընդգծել, որ անվտանգության ոլորտում Կիևն ունի սեփական որոշումները կայացնելու անօտարելի իրավունք։ Նշվում է, որ կառույցները կշարունակեն աջակցել Ուկրաինային, որը պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը։
Անկախության օրվա կապակցությամբ ելույթով է հանդես եկել Վոլոդիմիր Զելենսկին, հայտարարել՝ վերջին վեց ամսվա ընթացքում Ուկրաինան փոխել է աշխարհը, պատմությունը և ինքն իրեն։
«Ի՞նչն է մեզ համար պատերազմի ավարտը ... Նախկինում ասում էինք՝ խաղաղությունը, հիմա ասում ենք՝ հաղթանակը։ Մեզ համար Ուկրաինան մեր երկրի ողջ տարածքն է՝ բոլոր 25 շրջաններով... Ոչ մի զիջում։ Դոնբասը Ուկրաինա է, Ղրիմը Ուկրաինա է. մենք դրանք կվերադարձնենք՝ ինչ գնով էլ լինի»,- եզրափակել է Զելենսկին։
ՂՐԻՄՆ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՄԱՍ Է. ՔԱԼԸՆ
Ղրիմը պետք է կրկին դառնա ուկրաինական տարածքի մաս, համոզմունք է հայտնել Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։
«Այդ մոտեցումը պետք է լինի Մոսկվայի և Կիևի միջև ցանկացած հնարավոր համաձայնագրի հիմքում»,- ընդգծել է նա:
Վոլոդիմիր Զելենսկին էլ Ղրիմի հարցով միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է, որ Ղրիմը կվերադարձվի Ուկրաինային ցանկացած միջոցով։
«Մենք կանենք դա այնպես, ինչպես ճիշտ համարենք՝ առանց այլ երկրների հետ խորհրդակցելու»,- շեշտել է նախագահը։
Զելենսկին նաև հավատացրել է, որ թույլ չի տա մինսկյան համաձայնագրերի կրկնությունը, որոնք միայն կարճ ժամանակով կանգնեցրին հակամարտությունը.
«Ոչ ոք չի հավատում հրադադարին, որն ընդամենը կսառեցնի իրավիճակը»,- ընդգծել է նա։
ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՌՉԱԿԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Իլհամ Ալիևին պարգևատրել է Ալթին Կիրան՝ «Ոսկե արծիվ» շքանշանով՝ երկու երկրի միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Տոկաևը նաև հայտարարել է, թե Ալիևը անձամբ զգալի ներդրում է ունեցել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցում։
Հանդիպման արդյունքներով Տոկաևը և Ալիևը ստորագրել են նաև Ղազախստանի և Ադրբեջանի միջև «ռազմավարական հարաբերությունների ամրապնդման և դաշնակցային գործակցության խորացման մասին» հռչակագիրը: Բացի դրանից կողմերը կնքել են ևս 9 փաստաթուղթ, այդ թվում՝ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները խթանելու վերաբերյալ:
ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԿԱՏԱՐՎԵՆ. ՇՈՅԳՈՒ
Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը Սերգեյ Շոյգուն հայտարարել է՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կկատարվեն.
«Դրա տեմպերի դանդաղեցումը գիտակցված որոշում է, նպատակն է՝ նվազագույնի հասցնել խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը»,- ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը:
Նրա համոզմամբ՝ Կիևին արևմտյան զենքի մատակարարումը բազմապատկում է զոհերի թիվը և երկարաձգում հակամարտությունը:
Շոյգուն նաև առաջարկել է դեկտեմբերին Մոսկվայում անցկացնել Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը՝ քննարկելու կոալիցիոն անվտանգության մի շարք հարցեր։