Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Կառավարության նիստի ընթացքին անդրադարձավ կենսաթոշակի և նպաստի 10% հետվճար ծրագրի շրջանակում հուլիս ամսին կատարած անկանխիկ գործարքների դիմաց հետվճարի թեմային:
«Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն - մասնավոր սոցիալական պատասխանատվության փոխգործակցության միջոցառումը հուլիսի 1-ից աշխատում է: Միջոցառմանը միացած բանկերում սպասարկվող քաղաքացիների շուրջ 10 տոկոսը` 17 հազար քաղաքացի, միայն հուլիս ամսին իրականացրել է շուրջ 524 միլիոն դրամի անկանխիկ գործարքներ»,- ասաց նախարարը:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ նշեց, թե քանի ՀԴՄ սարք է աշխատում վճարային տերմինալով:
«Հանրապետությունում կա 67.602 ՀԴՄ սարք: Այս պահի դրությամբ 13.356 ՀԴՄ սարք արդեն վճարային տերմինալով աշխատում է, այսինքն` անկանխիկ վճարումներ հնարավոր է կատարել 13.356 ՀԴՄ սարքով:
Այս պահին ունենք 25.737 էլեկտրոնային դիմում, այսինքն`բանկերի կողմից հիմա մշակվում են այս դիմումները, որպեսզի POS տերմինալներն ակտիվացվեն»,- ասաց Բադասյանը: