ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՍՏՆԵՐԸ
Մի քանի օրից քաղաքացիներն ավելի բարձր կենսաթոշակ և նպաստ կստանան: Միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվել էր 2023-ին թոշակ-նպաստը բարձրացնել հունվարի 1-ից, այսօրվա որոշմամբ կենսաթոշակն ու նպաստը կբարձրանան ավելի շուտ՝ սեպտեմբերի 1-ից: Միջին ամսական աշխատանքային կենսաթոշակը կավելանա 3100 դրամով կամ 7.1 տոկոսով, զինվորական կենսաթոշակը՝ 5200 դրամով կամ 6.8 տոկոսով: Գործադիրը նախատեսել էր հաջորդ տարի երկու անգամ ավելացնել թոշակ-նպաստը:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Առաջարկում ենք սահմանել աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21.000 դրամ՝ 18.000 դրամի փոխարեն, զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 20.000 դրամ՝ 18.000 դրամի փոխարեն, նվազագույն կենսաթոշակի չափը` 30.500 դրամ՝ 28.600 դրամի փոխարեն:
Պարտադիր ժամկետային զինծառայողի առաջին խմբի հաշմանդամի համար՝ կենսաթոշակը կկազմի 45.000 դրամ՝ 43.000-ի փոխարեն, երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 35.000՝ 33.000-ի փոխարեն: Երրորդ խմբի հաշմանդամ զինծառայողը կստանա 32.000 դրամ՝ 30.000-ի փոխարեն, պարտադիր ժամկետային մահացած, զոհված զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը 30.000-ի փոխարեն կդառնա 32.000 դրամ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մենք բավականին լավ տնտեսական ցուցանիշներ ունենք, պետական եկամուտները հարկային եկամուտների մասով գերակատարել ենք ավելի քան 70 միլիարդ դրամով, որոշեցինք բարձրացումը, որ պետք է անեինք հունվարի 1-ից, իրականացնենք 2022-ի սեպտեմբերի 1-ից: Բազային կենսաթոշակը՝ մոտ 17 տոկոս, միջին բարձրացումը` 7 տոկոս: Հուլիսի 1-ին բարձրացնելու որոշումը մնում է ուժի մեջ:
ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՐՔ ԿԱՏԱՐԱԾ ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ՀԵՏՎՃԱՐ ԿՍՏԱՆԱՆ
Ըստ վարչապետի՝ կենսաթոշակների բարձրացման փաստացի հնարավորություն է տալիս հուլիսին մեկնարկած անկանխիկ գործարքի դեպքում կենսաթոշակ-նպաստի 10 տոկոս հետվճարի ծրագիրը: Նախարարի խոսքով՝ բանկերում սպասարկվող քաղաքացիների 10 տոկոսը՝ 17 հազար մարդ, հուլիսին կատարել է մոտ 524 միլիոն դրամի անկանխիկ գործարք:
Նարեկ Մկրտչյան - Միգուցե հարց առաջանա՝ մասնակիցների թիվը փոքր է, բայց հատկանշական է, որ մինչև միջոցառումը այս թիվը եղել է զրո:
Նիկոլ Փաշինյան - Այսինքն՝ կենսաթոշակառուները քարտերով ընդհանրապես անկանխիկ գործարք չե՞ն արել:
Նարեկ Մկրտչյան - Ավելին՝ նոր տեխնոլոգիական ֆինանսական գործիքների միջոցով, օրինակ՝ հավելվածների միջոցով, կոմունալ վճարները մոտ 35 մլն են կազմում: 44 միլիոնի հետվճար կտրամադրենք, միջինում կազմում է 2600 դրամ: Մեկ կենսաթոշակառուին, դեպք կա, որ մաքսիմալ հետվճար են ստանալու: Ունենք հազարավոր՝ 200-ին մոտ, որ 50.000-ին մոտ առևտուր են արել, մաքսիմալ հետվճար կստանան: Կյանքում գնողունակության առումով կլինի, հաշվի առնենք, որ սեպտեմբերի 1-ից կավելանա կենսաթոշակը:
3 բանկերում սպասարկվում է 173 հազար կենսաթոշակառու: Վարչապետը հորդորեց ակտիվացնել բանկերի հետ աշխատանքը՝ շահառուների թիվն ընդլայնելու համար:
Նիկոլ Փաշինյան - Եթե հիմա գումարում ենք, ինչ-որ ձևով գնաճի ազդեցությունը զսպում ենք, հուսամ՝ մյուս որոշումներով առաջանցիկ կլինենք: 2021-ի նախընտրական ծրագրում արձանագրված է, որ միջին կենսաթոշակը մինչև 26 թվականը 61 հազար դրամ դարձնելը: Բավ պետք է մոտենալ, որ պարենային զամբյուղը ապահովենք, սպառողական զամբյուղին հասցնենք կենսաթոշակը:
Ռուստամ Բադասյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Հանրապետությունում ունենք 67.000 ՀԴՄ սարք, 13356 ՀԴՄ սարք POS տերմինալով աշխատում է: Դիմել ենք հարկ վճարողներին, ունենք 25737 էլեկտրոնային դիմում, սա բանկերի կողմից մշակվում են, որ տերմինալներն ակտիվացնեն: Ունենք թղթային դիմումներ:
Նիկոլ Փաշինյան - Հիմնական խնդիրն է՝ նույնիսկ ամենահեռավոր գյուղում ապրող թոշակառուն հնարավորություն ունենա օգտվել ծառայությունից:
Պետությունը ներդրողներին կօգնի՝ ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքները:
Նախարար Քերոբյանի խոսքով՝ շատերը, օրինակ՝ գործարան, հյուրանոց կառուցելիս, տարբեր այլ տեսակի ներդրում իրականացնելիս հաճախ են խնդիր ունենում՝ ջրի, գազատարի, ճանապարհի հետ կապված: Ծրագիրը միտված է խրախուսել ներդրողին:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - 500 միլիոն դրամի չափով ներդրում կատարողին պատրաստ է տրամադրել 20 տոկոսի չափով այն ենթակառուցվածքը, որը նրան անհրաժեշտ է: Եթե ներդրումը 500 միլիոն դրամից ավելի է, ապա 10 տոկոսի չափով անհրաժեշտ ենթակառուցվածքը:
Նիկոլ Փաշինյան - Հիշում եմ, որ նման խոստմամբ եմ հանդես եմ եկել, ուրախ եմ, որ գնում ենք այս ճանապարհով: Ուղերձը պետք է լայն տարածում ստանա: Գործընկերության մոդել ենք առաջարկում, խրախուսում ներդրումը՝ կապելով ներդրման չափով:
ԶՊՄԿ 6.8 ՏՈԿՈՍ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՆՁՆՎԵՑ ԱՆԻՖ-ԻՆ
Այս տարվա մարտին դեռ որպես նվիրատվություն ստացած Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 6.8 տոկոս բաժնեմասի կառավարումը հանձնվեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին»՝ ԱՆԻՖ-ին՝ պահպանելով դրանց նկատմամբ պետության սեփականության իրավունքը՝ զեկուցեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:
Բագրատ Բադալյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ) - ԱՆԻՖ-ը հանդիսանում է 100 տոկոս պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատիրոջ արդյունավետ ներկայացուցչությունն է:
Նիկոլ Փաշինյան - Հայաստանի Հանրապետության Կառավարությունը մարտի 24-ից հետո ունի 21,875 տոկոս բաժնեմաս, ինչը շատ կարևոր իրադարձություն է: Նման նախընտրական խոստմամբ հանդես եմ եկել 2021-ի քարոզարշավի ժամանակ Կապանում, ուրախ եմ արձանագրել, որ ի կատար է ածված: Հույս ունեմ, որ որոշումը կնպաստի թափանցիկությանը, պետական եկամուտների գեներացմանը, պետության զարգացմանը:
«ԱՍՏՂԻԿ» ԲԿ-Ն ՍՏԱՑԵԼ Է JCI ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
Առողջապահության նախարարը կարևորեց որակյալ և հասանելի բուժօգնության ծրագրերը, ծառայությունների, ենթակառուցվածքների ընդլայնման, ստանդարտների բարելավման համար բուժկենտրոնների ներդրումները: Անահիտ Ավանեսյանը նշեց, որ «Աստղիկ» բուժկենտրոնը ստացել է միջազգային հավաստագրման ոսկե ստանդարտ համարվող JCI որակավորում։
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Սա հավաստիացում է, որ պացիենտների անվտանգություն կա, հաշվետվողականության, ենթարկվում են որակի վերահսկման մեխանիզմներին:
Նիկոլ Փաշինյան - Կարո՞ղ ենք ասել՝ միջազգային ստանդարտով բուժծառայություն է մատուցում:
Անահիտ Ավանեսյան - Այո՛, այլ բժշկական կենտրոններն էլ են այդ ճանապարհին:
Ավանեսյանի խոսքով՝ սա համակարգային փոփոխությունների արդյունք է: Վարչապետի համոզմամբ էլ՝ պետք է աջակցել բուժհաստատություններին, կարևոր է, որ պետական բուժհաստատությունները ևս անցնեն այդ ճանապարհով: Դա, ըստ Նիկոլ Փաշինյանի, կնպաստի նաև առողջապահական տուրիզմի զարգացմանը: