Կառավարությունը պատրաստ է այսուհետ համակարգված ձևով օգնել ներդրողներին ենթակառուցվածքային օժանդակության հարցերում: Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Օրինակ` եթե ինչ-որ ներդրողի անհրաժեշտ է ենթակառուցվածքային օժանդակություն, ապա Կառավարությունը որոշակի պայմաններով պարտավորվում է կատարել այդ ներդրումը»,- ասաց նախարարը:
Նախարարն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է տեսնում ընկերությունների կողմից:
Անդրադառնալով «Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունին` Քերոբյանը նշեց, որ Կառավարությունը չի փոխհատուցի տուժած տնտեսվարողներին:
Նախարարը հայտնեց, որ նշյալ առևտրի կենտրոնում աշխատող գործարարները չէին ապահովագրել իրենց գույքը:
«Կառավարությունը չի կարող իր վրա ֆունկցիա վերցնել փոխհատուցել այն ծախսը, որը պետք է աներ ապահովագրական ընկերությունը: Եթե գործարարը այդ ռիսկը մեծ չի համարել, ապա Կառավարությունն այստեղ անելիք չունի:
Հայաստանի ընկերությունները պետք է սովորեն աշխատել բարձր ստանդարտներով»,- ասաց նա: