Կառավարությունը հավանություն է տվել «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը կիրառելու առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Նախագծի հիմնական նպատակներն են՝ զարգացնել Միության շրջանակներում մաքսային տարանցման միասնական համակարգը՝ վերջինի փոխգործակցությունը Միության անդամ չհանդիսացող պետությունների մաքսային տարանցման համակարգերի հետ հետագայում իրականացնելու նպատակով, կատարելագործել և զարգացնել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության կատարման ապահովման համակարգը, պարզեցնել «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման ժամանակ մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ապահովում տրամադրելու կարգը: Նախագծով սահմանվում են նաև մաքսային և այլ վճարների վճարման պարտավորության կատարման ընդհանուր ապահովման դեպքում պարզեցված ընթացակարգերի կիրառման դեպքերն ու պայմանները, տրամադրման հաստատման առանձնահատկությունները, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ երաշխավորության կիրառման առանձնահատկությունները:
Հավանության է արժանացել նաև 2022 թ. ապրիլի 19-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Համաձայնագիրն ուղղված է ապրանքների փոխադրումների ժամանակ պետական հսկողության միջոցների կրճատմանը և օրինական շրջանառության ապահովմանը: Համաձայնագրի կնքման հիմնական նպատակը հանդիսանում է Միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար Միությունում նավիգացիոն կապարակնիքների կիրառման կարգավորման հիմքերի և այդ հետագծման իրականացումը կազմակերպելու մեխանիզմների սահմանումը: Համաձայնագրով սահմանված են նավիգացիոն կապարակնիքների կիրառման պայմանները և կարգը, հետագծման օբյեկտների, ապրանքները տեղափոխող տրանսպորտի տեսակների, ապրանքների փոխադրումների հետագծման մասնակիցների, ազգային օպերատորների և հսկողական մարմինների տեղեկատվական փոխգործակցությանն առնչվող հիմնական դրույթները: Նավիգացիոն կապարակնիքների գործածմամբ հետագծումը կիրառվելու է մաքսային տարանցում մաքսային ընթացակարգին համապատասխան ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ապրանքների, ինչպես նաև փոխադարձ առևտրի շրջանակներում փոխադրվող սանկցիոն ապրանքների, ալկոհոլային արտադրանքի, ծխախոտի և ծխախոտային արտադրանքի նկատմամբ: Ըստ համաձայնագրի՝ Միության անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծումն իրականացնում են ազգային օպերատորները: Նախագծով կարգավորվում են նաև այն դեպքերը, երբ փոխադրումների հետագծման գործառույթները վերապահված են անդամ պետությունների պետական մարմիններին (կազմակերպություններին): Նախատեսվում է նաև ազգային օպերատորների միջև առանձին համաձայնագրի կնքում, որը կկարգավորի նրանց միջև իրավահարաբերությունները:
Գործադիրը հավանություն է տվել 2022 թ. մայիսի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննությունների պետական կոմիտեի միջև դատափորձագիտական գործունեության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրի կնքմամբ հնարավորություն կընձեռվի ծավալելու առավել սերտ համագործակցություն բարձրացնելու հանցավորության դեմ պայքարը` դատական փորձաքննության և քրեագիտության ժամանակակից մեթոդների և միջոցների ակտիվ կիրառման հիման վրա, ինչպես նաև իրականացնել դատափորձագիտական գործունեության և քրեագիտության ոլորտում փորձի և տեղեկատվության փոխանակում: