Կառավարությունը հաստատեց «Ենթակառուցվածքներ՝ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման իրականացման անհրաժեշտ բազային պահանջները, օժանդակության տրամադրման կարգը և պայմանները:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ Հայաստանի տնտեսությունն առաջին կիսամյակում բարձր տնտեսական աճ է գրանցել, բայց, բնականաբար, դա միայն ոգեշնչում է ավելի ակտիվ զբաղվել ներդրումների խթանումով և ներդրումների օժանդակությամբ:
«Մենք անցյալ տարի թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրով, թե՛ Կառավարության ծրագրով հաստատել ենք «Ենթակառուցվածքները՝ ներդրումների դիմաց» միջոցառում իրականացնելը, որը խոսք էինք տվել մեր ժողովրդին: Եվ այսօր այս ծրագիրը, որ ներկայացնում ենք, ըստ էության, միտված է օգնել բոլոր ներդրողներին իրենց ենթակառուցվածքային խնդիրները լուծելու հարցում:
Շատ մարդիկ, ովքեր գործարաններ, հյուրանոցներ են կառուցում և այլ ներդրումներ են անում, համարյա միշտ խնդիրներ են ունենում որոշակի ենթակառուցվածքների հետ կապված. կլինի դա ջրատար, գազատար, ճանապարհ թե որևէ այլ բան, և այս միջոցառմամբ մենք ներդրողներին խրախուսում ենք կատարել իրենց ներդրումը՝ փոխարենն օգնելով իրենց այսպիսի ենթակառուցվածքային օժանդակությամբ»,- ասաց Վահան Քերոբյանը:
Նա նշեց, որ Կառավարությունն առաջարկում է, որ եթե որևէ ներդրող մինչև 500 մլն դրամի չափով ներդրում կատարի, ապա Կառավարությունը պատրաստ է այդ գումարի 20 տոկոսի չափով տրամադրել այն ենթակառուցվածքը, որը նրան անհրաժեշտ է, եթե դրանից ավելի գումարի ներդրում անի՝ ապա 500 միլիոնը գերազանցող գումարի 10 տոկոսի չափով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց հետևյալը. «Մենք, ըստ էության, գործընկերության մոդել ենք առաջարկում և խրախուսում ենք ներդրումը՝ կապելով կոնկրետ ներդրման չափի հետ»: