ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են այսօր վարկային կազմակերպություններից մեկում կատարված ավազակության փորձի հանգամանքները:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2022 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 05:10-ի սահմաններում, Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը, իր մոտ ապօրինի պահվող մարտական նռնակով մուտք է գործել Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գործող վարկային կազմակերպություն և աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ նռնակի բացահայտ ցուցադրմամբ, պահանջել գումար: Մերժում ստանալով՝ 26-ամյա երիտասարդը դիմել է փախուստի՝ իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել:
Փախուստի դիմելու ընթացքում, վերջինս նկատվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և իրականացված միջոցառումների արդյունքում վնասազերծվել: 26-ամյա երիատասարդը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել է մարտական նռնակը, հարցաքննվել են կազմակերպության մի շարք աշխատակիցներ, որոշում է կայացվել տեսագրություններն առգրավելու մասին, նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: