Գյումրիի համայնքապետարան - ոստիկանություն - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին համատեղ աշխատանքի արդյունքում մեկ ամսում հաջողվել է ապօրինի առևտուրը կասեցնել քաղաքի կենտրոնական փողոցներում։
Դավիթ Առուշանյան (Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ) - Աշխատանքների ձգձգման պատճառը սոցիալական խնդրի առկայությունն էր, պետք էր առևտրականների համար այլընտրանքային տարբերակներ առաջարկել, թեև համայնքապետարանը ոչ մի պարտավորություն չունի։
Թեև փողոցային առևտրով զբաղվողներին այլընտրանքային չորս տարբերակ է առաջարկվել, նրանք շարունակում են բողոքել և ակցիաներ իրականացնել: Տեղափոխվել գործող շուկաներ, Ավտոկայանի թաղամասի նախկին շուկայի կամ Մայակովսկու փողոցում ժամանակավոր գործող տարածք չեն ցանկանում։
Երկրորդ փուլով նաև Մայակովսկու փողոցը կմաքրվի, ժամանակ է տրված մինչև դեկտեմբերի 31-ը։ Անի թաղաասում ևս խնդիր կա։ Համայնքապետարանում մտադիր են հարցը լուծել համայնքային շուկաների կառուցմամբ։
Գեորգի Ավետիսյան (ՍԱՏՄ ղեկավար) - Եկել է այն ժամանակը, երբ մենք պետք է մի քանի սովորություններից հրաժարվենք՝ հանուն հանրային առողջության, իսկ փողոցում վաճառվող սննդամթերքը չի կարող լինել անվտանգ։
Հանրային պատասխանատվությունը պետք է մեծացնել և հրաժարվել փողոցում վաճառվող ապրանքից՝ ասաց ՍԱՏՄ ղեկավարը՝ միաժամանակ զգուշացնելով, որ սեպտեմբերի 1-ից ակտիվ ստուգումներ են սկսելու հատկապես մսի շուկայում։