Իրանի սահմանապահ ծառայությունը երկրի հարավ-արևելքում գտնվող Սերավան քաղաքի մոտ 1,4 տոննա թմրամիջոց է առգրավել։ Այդ մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Ահմադ Ալի Գոդարզին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մաքսանենգները, որոնք մտադրվել էին երկու մեքենայով թմրամիջոց անցկացնել Իրան, սկսել են կրակել սահմանապահների վրա և ստացել պատասխան հարված»,- ասել է ծառայության պետը։ Նրա խոսքով՝ հանցագործները փախել են՝ լքելով մեքենաները, որոնցում եղել են զենք և ավելի քան 1,4 տոննա ափիոն:
Գործակալությունը նշում է, որ Սերավանը գտնվում է Սիստան և Բելուջիստան նահանգում, որը երկրի ամենամեծ հանցավորությունն ունեցող շրջաններից մեկն է և սահմանակից է Պակիստանին ու Աֆղանստանին: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեծ մասն անցնում է այդ տարածքով։