ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսինը` 82-ամյա Փոլ Փելոսին, մեղավոր է ճանաչվել այս տարվա մայիսին ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, հայտնում է CNN-ը։ Նրա Porsche մեքենան բախվել էր Jeep-ին, ոչ ոք չէր տուժել, բայց Փելոսիին չի հաջողվել խուսափել դատական պատասխանատվությունից՝ հարբած վիճակում մեքենա վարելու համար:
Հեռուստաալիքի տվյալով՝ դատարանը Փելոսիին դատապարտել է հինգ օրվա ազատազրկման, սակայն կհանվի կալանքի տակ եղած երկու օրը, ևս երկուսը՝ լավ վարքի համար։ Մնացած մեկ օրվա ազատազրկման պատիժը կփոխարինվի հանրային 8-ժամյա աշխատանքով։
Բացի այդ, Փելոսին երեք տարվա փորձաշրջան կանցնի և կվճարի մոտ 7000 դոլար տուգանք, նրա մեքենայում մեկ տարով կտեղադրվի հատուկ սարք՝ վարորդի սթափության աստիճանը ստուգելու համար։ Մեղադրյալը նաև պետք է անցնի եռամսյա դասընթաց՝ մեքենան ոչ սթափ վիճակում վարելու վտանգների մասին: