Կենսաթոշակի 10% հետվճար ծրագրի առաջին ամսում 12 հազար շահառու է անկանխիկ գործարք իրականացրել: Հուլիսի 1-ից Կառավարության որոշմամբ գործում է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը, որն իրականացվում է պետություն-մասնավոր փոխգործակցությամբ: Գումարը վերադարձվում է 5-ական տոկոս համամասնությամբ՝ պետության և միջոցառմանը միացած 3 բանկի միջոցով, բայց ոչ ավելի, քան ամսվա կտրվածքով 5000 դրամ: Ընդհանուր 560 հազար կենսաթոշակառուից ավելի քան 400 հազարը քարտով է ստանում իր եկամուտը, որից մոտ 180 հազարն այդ 3 բանկից են ստանում:
Դավիթ Խաչատրյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - 12 հազար կենսաթոշակառուի գծով ձևավորվել է հետվճար, բայց պետք է նշեմ, որ բանկերից 1-ի մասով է ցածր ցուցանիշ, մյուս 2 բանկերի քարտապանների մոտ 20 տոկոսը ամբողջությամբ հիմնականում իր կենսաթոշակի ծախսումները կատարել է անկանխիկ եղանակով: Այսինքն՝ ամեն 5-րդ կենսաթոշակառուն դարձել է այս ծրագրի շահառու:
Ընդհանուր առմամբ հուլիս ամսվա ընթացքում կենսաթոշակառուները ավելի քան 300 մլն դրամի անկանխիկ գործարք են իրականացրել, որի 10 տոկոսի չափով էլ մինչև օգոստոսի 25-ը վերադարձ կունենան: Դավիթ Խաչատրյանի խոսքով՝ առաջին ամսվա համար ակնկալիքները բարձր չէին:
Դավիթ Խաչատրյան - Այո, սպասելի էր նման պատկեր, քանի որ ծրագիրը նոր է, դեռևս փորձված չէ և բացի դրանից կենսաթոշակառուները հիմնականում տարեցներ են և շատ դժվար են իրենց հիմնական սովորույթը՝ կանխիկացնելու և կանխիկով առևտուր անելու փոխարեն անցում կատարել անկանխիկ՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ առևտուր կատարելուն:
Թե ինչու կենսաթոշակառուները մեծ ակտիվություն չեն ցուցաբերում անկանխիկ գործարքների հարցում՝ պատասխանում են իրենք:
«Ես ընդհանրապես դրան կողմնակից չեմ, սա կամովին պետք է լինի»:
«Էդ քարտից չեմ կարում օգտվեմ, չեմ ստանում, չեմ անում, տալիս եմ, երեխեքը ստանում են»:
Հարց. «Այսինքն՝ անկանխիկ գործարքներ չե՞ք անում»:
- «Չէ, կանխիկ»:
Փոխնախարարը վստահ է՝ հաջորդ ամիս ավելի լավ պատկեր կունենան: Քանի որ միջոցառմանը մասնակցում է 3 բանկ, վերջին շաբաթներին նաև նկատվում է կենսաթոշակառուների բանկից բանկ տեղափոխություն:
Դավիթ Խաչատրյան - Մեր նպատակն է, որ մինչև տարվա վերջ ծրագրի մասնակից բանկի քարտապանների, այսինքն՝ մեր շահառուների 80 տոկոսը գոնե 1 անգամ ամսվա ընթացքում կատարած լինի անկանխիկ գործարք, այսինքն՝ 1 անգամ գործարքից դուրս կստանա հետվճար»:
Ծրագիրը նախատեսված է մինչև տարեվերջ, սակայն կա գաղափար այն հետագայում էլ շարունակելու՝ որոշակի փոփոխություններով:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան