Մ5՝ Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման մայրուղու աջակողմյան հատվածը փակ է, շինարարական տեխնիկա է աշխատում, մեքենաների երթևեկը ձախ կողմով է: Ճանապարհը նորոգվում է:
Հովհաննես Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման բաժնի ավագ ինժեներ) - Շինարարությունը սկսվում է, կատարվում են միջին նորոգման աշխատանքներ:
Երկարացնում են ճանապարհի կյանքը՝ ասֆալտբետոնի վերևի շերտը նորով փոխարինելով: Քանի որ միջին նորոգման աշխատանքները սովորաբար ավելի արագ են ընթանում, խոստանում են ժամկետից շուտ ավարտել:
Էդգար Վարդանյան (աշխղեկ) - Սկզբից կատարել ենք ճանապարհի մաշվող շերտի հեռացում, տեղադրելու ենք 3-5 սմ հարթեցնող շերտ, կատարում ենք ասֆալտապատման աշխատանքը:
Ժամանակ չկա, հազիվ ենք հասցնում՝ ասում է աշխղեկը: Երևան-Սևան մայրուղու նորոգումն ավարտել ու անմիջապես մեկնարկել են այստեղ: Հանրապետությունում այս տարի միջին նորոգման է ենթարկվում շուրջ 200 կմ ճանապարհ:
Էդգար Վարդանյան - Աշխատանքները սկսել ենք 10-15 օր առաջ, ճանապարհի աջ կողմի կեսը՝ մոտ 7-7.5 կմ արած կլինենք:
Շինարարությունը կիրականացվի երկու գոտում էլ: Յուրաքանչյուրում նախատեսված է նորոգել շուրջ 13.5 կմ: Նորոգվող աջ հատվածի պայմանագրային արժեքը 694,5 մլն դրամ է, ձախինը՝ 697 մլն: Տեխհսկողությունն իրականացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը:
Հովհաննես Ավետիսյան - Ասֆալտի որակի համար լաբորատոր փորձարկումներ են արվում և՛ սկզբում, և՛ ընթացքում: Պարբերաբար կատարվում են և հանուքներ, որ պարզվի խտությունը, հաստությունը, և ընդհանուր ասֆալտի փորձարկում:
Շուրջ 20 տարի չհիմնանորոգված ճանապարհին ալիքներ էին առաջացել, շինարարները հաշվում են՝ օրական առնվազն 4-5 վթար է տեղի ունենում: Խոստանում են՝ նորոգումից հետո ճանապարհը հարթ ու բարձրորակ կդառնա, երթևեկությունն էլ՝ անխափան ու ապահով: