Հայաստանում կգործարկվի «Աշխատանքային էլեկտրոնային բորսա» ծրագիրը: Գործատուների ու աշխատանք փնտրող անձանց համար կստեղծվի միասնական պետական առցանց հարթակ, որը նաև կինտեգրվի տարածաշրջանում գործող նմանատիպ գործիքների հետ՝ նպաստելով միասնական աշխատաշուկայի ձևավորմանը:
Անահիտ Պարզյան (ՀՀ ԱՍՀՆ «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն) - Եվրասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով Հայաստանը ստացավ դրամաշնորհ, որի շրջանակներում կիրականացվի էլեկտրոնային աշխատաշուկա կամ «Ի բորսա» ծրագիրը:
Հարթակի հիմքում տվյալահեն որոշումների կայացման մոդուլներն են, որոնք հնարավորություն կտան ճշգրիտ վերլուծություններ կատարել:
Անահիտ Պարզյան - Ներկայիս հարթակը գրվել է տասնամյակներ առաջ, չի համապատասխանում թվային տեխնոլոգիաների այն պահանջներին, որոնք առկա են: Մասնավորապես, չունենք օնլայն հարթակ, որով հնարավրություն կունենայինք, ենթադրենք, համատեղել աշխատաշուկայում առաջարկվող թափուր հաստիքները և քաղաքացիների համար առաջարկվող ամենահարմար առաջարկները:
Հաշվարկային մեթոդները հնարավորություն են տալու լավագույն տարբերակներն ընտրել և ներկայացնել աշխատանք փնտրողներին և գործատուներին:
Անահիտ Պարզյան - Ձևավորվելու է քաղաքացու CV, քաղաքացին հնարավորություն է ունենալու տեղեկատվական շտեմարանների միջոցով հավաստիացում ստանալ այս կամ այն աշխատանքին դիմելիս, այլևս պարտավորված չի լինի իր մասով բերել այնպիսի տեղեկատվություն, ինչպիսիք են անձը հաստատող փաստաթուղթը, կրթության մասին վկայականը, աշխատանքային գրքույկը և այլն:
Դրանք ստանալու համար հարցում է արվելու համապատասխան կառույցներին՝ անհրաժեշտ փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով ստանալու համար:
Անահիտ Պարզյան - Հարթակն ունի ռազմավարական նշանակություն: Ներկայումս աշխատաշուկայում առկա մասնավոր հատվածի կողմից առաջարկվող հարթակներն ավելի շատ թիրախային ոլորտային առանձնահատոկություններ ունեն և ամբողջական շուկայի պատկերը չեն տալիս, մինչդեռ Կառավարության համար, որն ավելի մեծ խնդիրներ ունի լուծելու, այդ հնարավորությունը կտա այդ խնդրի լուծման հնարավորությունը:
Դրամաշնորհի միջոցով կլուծվի նաև տեխնիկական հագեցվածության խնդիրը: Ծրագիրը պատրաստ կլինի 2023-ի վերջին: