Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթանում է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը, որին հաջող են հանդես գալիս նաև Հայաստանի ներկայացուցիչները: Եվրոպայի անհատական առաջնությանը 6 հայ շախմատիստուհի է մասնակցում:
Կայացած երեք տուրից հետո առաջատարների թվում է Եվրոպայի գործող չեմպիոն, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Նա երեք հաղթանակ է տարել և 3 միավորով կիսում է 1-5-րդ տեղերը։ 3-րդ տուրում Դանիելյանն առավելության է հասել Հունգարիայի ներկայացուցիչ Ժոկա Գաալիի նկատմամբ: Երկրորդ տուրում էլ Դանիելյանն առավելության է հասել Հայաստանի մյուս ներկայացուցչի՝ Մարիամ Մկրտչյանի նկատմամբ: Երրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել նաև Լիլիթ Մկրտչյանը՝ առավելության հասնելով Նիդերլանդները ներկայացնող հայազգի շախմատիստուհի Աննա-Մաջա Ղազարյանի նկատմամբ:
Նա իր ակտիվում ունի 2,5 միավոր և կիսում է 6-16-րդ տեղերը: Հաղթանակներ են տարել նաև Մարիա Գևորգյանն ու Մարիամ Մկրտչյանը, որոնք 2-ական միավոր ունեն իրենց ակտիվում: ԵԱ-ում իր առաջին միավորն է վաստակել նաև Սուսաննա Գաբոյանը՝ առավելության հասնելով անգլիացի Լուիզա Հեադի նկատմամբ:
Երրորդ տուրում առաջին պարտությունն է կրել Աննա Սարգսյանը: Նա սպիտակ խաղաքարերով զիջել է ուկրաինուհի Անաստասիա Ռախմանգուլովային և այժմ 1,5 միավոր ունի: Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր։