Մոսկվան և Դամասկոսը վճռականորեն դատապարտում են Իսրայելի կողմից Սիրիային հարվածներ հասցնելը և պահանջում միջազգային իրավունքի պահպանում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադի հետ հանդիպմանը:
«Մենք վճռականորեն դատապարտել ենք Իսրայելի կողմից Սիրիայի տարածքին հարվածներ հասցնելու վտանգավոր պրակտիկան, ներառյալ՝ բավական տագնապալի դրվագը, երբ հունիսի 10-ին հարձակման ենթարկվեց Դամասկոսի միջազգային օդանավակայանը, իսկ ավելի ուշ՝ Տարտուս նավահանգիստը։ Մենք Իսրայելից պահանջում ենք հարգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է Լավրովը հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ: Նա տեղեկացրել է, որ Սիրիայի հարցով միջազգային հանդիպումը Նուր Սուլթանում տեղի կունենա մինչև տարեվերջ:
Ռուսաստանի գլխավոր դիվանագետը տեղեկացրել է նաև, որ Դամասկոսը Մոսկվային աջակցություն է հայտնել Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության նպատակների վերաբերյալ:
«Մենք երախտագիտություն ենք հայտնել մեր սիրիացի բարեկամներին Ուկրաինայում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները լիովին հասկանալու համար։ Նրանք գիտակցում են այն պատճառները, որոնք հանգեցրել են ներկա իրավիճակին»,- ասել է Լավրովը: