ԵՄ-Ն ԵՎ ԿԱՆԱԴԱՆ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Այսօր մեկնարկել է Ղրիմի հարցով միջազգային համաժողովը: «Կիևը կվերականգնի ուկրաինական իշխանությունը Ռուսաստանի կողմից բռնակցված շրջանների հանդեպ,- բացման խոսքում նշել է Ուկրաինայի նախագահն ու վստահեցրել,- մենք կվերադարձնենք մեր դրոշը Ղրիմի հողի վրա, կվերականգնենք Ղրիմում բնակվող Ուկրաինայի քաղաքացիներին ազատությունը»: Ղրիմով սկսվեց, Ղրիմով կավարտվի՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր «Ղրիմյան հարթակ» կոչվող գագաթնաժողովի ժամանակ ելույթում նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է «երկարաժամկետ» աջակցել Ուկրաինային։ Մակրոնը շեշտել է, որ Ֆրանսիան, Եվրամիությունը, ինչպես նաև Ուկրաինայի մյուս դաշնակիցները կաջակցեն Կիևի պայքարին, երկրի պաշտպանությանը, քանի որ խոսքն Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար տարվող պայքարի մասին է»:
Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է, որ Ուկրաինան ընտրել է դիվանագիտության ուղին, իսկ Ռուսաստանը՝ պատերազմի: Համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետը: Բորիս Ջոնսոնը նույնպես կոչ է արել շարունակել Ուկրաինային տրամադրել ռազմական, հումանիտար, տնտեսական և դիվանագիտական աջակցություն: Ջոնսոնը շեշտել է, որ Լոնդոնը երբեք չի ճանաչի Ղրիմի կամ որևէ այլ ուկրաինական տարածքի միացումը Ռուսաստանին:
Համաժողովին Կանադայից տեսակապով միացել են նաև Կանադայի վարչապետն ու աշխատանքային այցով այնտեղ գտնվող Գերմանիայի կանցլերը:
«Միջազգային հանրությունը երբեք չի ընդունի Ռուսաստանի կողմից «ուկրաինական տարածքի անօրինական բռնակցումը»,- հայտարարել է Օլաֆ Շոլցը: Կանցլերն ընդգծել է, որ Ուկրաինայի գործընկերները հիմա ավելի միասնական են, քան երբևէ: Շոլցը հայտնել է նաև, որ հոկտեմբերին Բեռլինը նախատեսում է կազմակերպել «վերակառուցման համաժողով»:
«Գերմանիան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան մեր աջակցության կարիքն ունի»,- վերահաստատել է կանցլերը: Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է ապատեղեկություն հայտնել՝ մեղադրելով աշխարհին համաշխարհային պարենային ճգնաժամ ստեղծելու համար: Կանադայի վարչապետի խոսքով՝ պետք է վերահսկել ու թույլ չտալ որևէ երկրի, այդ թվում՝ Ռուսաստանին, ապատեղեկություններ տարածել:
ՄՈՍԿՎԱՆ, ԴԱՄԱՍԿՈՍԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐ ՀԱՍՑՆԵԼԸ
Մոսկվան և Դամասկոսը վճռականորեն դատապարտում են Իսրայելի կողմից Սիրիային հարվածներ հասցնելը և պահանջում միջազգային իրավունքի պահպանում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադի հետ հանդիպմանը:
«Մենք Իսրայելից պահանջում ենք հարգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը և Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է Լավրովը հանդիպմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ:
Նա տեղեկացրել է, որ Սիրիայի հարցով միջազգային հանդիպումը Նուրսուլթանում տեղի կունենա մինչև տարեվերջ: Ռուսաստանի գլխավոր դիվանագետը տեղեկացրել է նաև, որ Դամասկոսը Մոսկվային աջակցություն է հայտնել Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության նպատակների վերաբերյալ: Սերգեյ Լավրովը նշել է նաև, որ Սիրիայում ռազմական գործողությունների էսկալացիան «անընդունելի» է, նրա կարծիքով` Թուրքիան պետք է բացառի Սիրիայի հյուսիսում նոր արշավ սկսելը:
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը և Սիրիան ցանկանում են բանակցել Թուրքիայի հետ՝ «կանխելու ցանկացած նոր ռազմական գործողություն»։
Սիրիայի հարցը Ռուսաստանի գլխավոր դիվանագետն առաջիկայում կքննարկի նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
«Հանդիպման գլխավոր թեմաներից մեկը լինելու է Սիրիայում տիրող իրավիճակը»,- նշել է Սերգել Լավրովը:
Նա հիշեցրել է, որ այդ հարցը եղել է Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Ռուսաստան կատարած վերջին այցի հիմնական թեմաներից մեկը: