ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ԻՐԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
ԱՄՆ-ը աշխատում է, որ հնարավորինս արագ միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ Իրանի առաջարկներին պատասխան տա` ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ շեշտելով, եթե Իրանը պատրաստ է ամբողջությամբ կատարել 2015 թվականի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, ապա մենք պատրաստ ենք անել նույնը: Վաշինգտոնը համաձայն չէ Թեհրանի մեղադրանքներին, թե բանակցությունների ձգձգման մեղավորը ԱՄՆ-ն է: Փրայսը ևս մեկ անգամ հաստատել է, որ գործարքի վերջնական տեքտը, մի քանի անգամ խմբագրվելուց հետո, վերջնականապես պատրաստ է: ԱՄՆ-ը ողջունել է Իրանի որոշումը՝ «հրաժարվելու միջուկային ծրագրի շուրջ բանակցութունների հետ կապ չունեցող մի շարք պահանջներից»: Փրայսը սակայն հաստատել է, որ կողմերի միջև մի շարք տարաձայանությունները դեռևս պահպանվում են՝ հավելելով, որ խոսքը մասնավորապես վերաբերում է ահաբեկչական ցուցակից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հանելու պահանջին:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՆԴՐԱՆՔԸ ՄԱԿ-Ի ԱԽ-ԻՆ
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրել է այսօր նիստ հրավիրել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ այս մասին ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին գրել է Տելեգրամի իր էջում: «Մենք պահանջել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել «միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներ» օրակարգի կետով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին խնդրել ենք ելույթ ունենալ այդ նիստին»,- հայտնել է Պոլյանսկին:
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն քննարկել են կարճաժամկետ և երկարաժամկետ էներգետիկ լուծումներ՝ Ռուսաստանից ավելի քիչ էներգետիկ կախվածություն ունենալու համար: Թրյուդոն Մոնրեալում առաջին հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ Կանադան կանի «այն ինչ կարող է»՝ նպաստելու էներգակիրների մատակարարմանը: Կարճաժամկետ հեռանկարում, Կանադայի վարչապետի խոսքով, նախ կավելացվեն արդյունահանման հզորությունները, ինչպես նաև կդիտարկվի հեղուկ բնական գազի Եվրոպա արտահանման հնարավորույթունը: Գերմանիայի կանցլերն իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է որպես էներգիայի աղբյուր ածխաջրածնային ռեսուրսների օգտագործման կարևորությունը:
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ Է ԶԵՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ. ԵՐՄԱԿ
Արևմուտքի երկրները մեծացնում են զենքի մատակարարումն ուկրաինական բանակին, իսկ դրանց կրճատման մասին լուրերը, որ ավելի վաղ հայտնվել են ԶԼՄ-ներում, սխալ են` հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մենք շարունակում ենք ռազմական աջակցություն ստանալ մեր գործընկերներից։ Այն չի կրճատվում, այլ ընդհակառակը՝ ավելանում է։ Սա շատ զգայուն թեմա է»,- ասել է նա։ Ավելի վաղ ամերիկյան Politico թերթը, վկայակոչելով Կիլի համալսարանի տվյալները հայտնել էր, որ հուլիսին Եվրոպայի վեց խոշորագույն երկրներ Կիևին ռազմական աջակցության որևէ միջոց չեն առաջարկել: Նախագծի ղեկավարի խոսքով՝ ապրիլի վերջից նկատվում է եվրոպական երկրների կողմից Ուկրաինային ռազմական օգնության ծավալների նվազման միտում: