ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է կազմակերպված հանցավոր խմբի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ թմրամիջոցների իրացման մեխանիզմը, հանցավոր խմբավորման անդամներից 9-ի ինքնությունը:
Քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 22-ամյա բնակչուհին, 2020 թ. ապրիլից մինչև 2022 թ. հունվարը, իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող 24-ամյա երիտասարդի հետ կազմակերպել և ղեկավարել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբավորում:
Վերջիններս «Տելեգրամ» հավելվածում ստեղծել են էջեր, որոնք կառավարել են ինչպես անձամբ, այնպես էլ՝ խմբավորման մեջ ներգրավված մի շարք անձինք:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու դիտավորությամբ, թմրամիջոցների վաճառքով զբաղվելու նպատակով, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող «Ivery Organics» անվամբ էջ, դրա միջոցով իրականացրել թմրամիջոցների ապօրինի վաճառք՝ էջում տեղադրելով թմրամիջոցների տեսակների, որակական հատկանիշների և դրանց ձեռք բերման պայմանների վերաբերյալ տեղեկություններ պարունակող գովազդային լուսանկարներ:
Այնուհետև, թմրամիջոցներն առանձնացրել են ըստ տեսակի և քաշի, ապա դրանք փաթեթավորել և տեղադրել Երևանի քաղաքի և ՀՀ տարբեր մարզերի տարածքներում գտնվող թաքստոցներում, լուսանկարել դրանց գտնվելու վայրերը, նշել կոորդինատները և դրանք ուղարկել իրենց կողմից բացված և կառավարվող Ivery Organics անվամբ առցանց խանութի էջին: Տելեգրամյան ալիքի աշխատանքի և հաճախորդների քանակի ավելացմանը զուգահեռ, ամուսիններն իրենց կողմից ստեղծված ու ղեկավարվող հանցավոր կազմակերպության մեջ են ներառել այլ անձանց ևս, ովքեր, համաձայն դերաբաշխման, կատարել են տարբեր աշխատանքներ. նրանցից մեկը ստանձնել է Ivery Organics անվամբ էջի տնօրենի պարտականությունները՝ օգնելով «հաշվապահական» հարցերում, կատարելով հաշվարկները և վճարելով հանցավոր կազմակերպության անդամների աշխատավարձերը, ոմանք կատարել են նշված էջի օպերատորի աշխատանքը և թմրամիջոցների վաճառքի արժեքի ու ձեռք բերման պայմանների շուրջ նամակագրություններ վարել դրանք գնելու ցանկություն հայտնած բազմաթիվ անձանց հետ, իսկ ուղարկված գումարը ստանալու հանգամանքը հաստատվելուց հետո հաճախորդներին ուղարկել Երևան քաղաքի և ՀՀ մարզերի տարբեր հատվածներում գտնվող թաքստոցներում նախապես տեղադրված թմրամիջոցների տեղակայման վայրերի լուսանկարները՝ ճշգրիտ կոորդինատներով, մասնակիցներից մեկը հետևել է առաքիչների և փաթեթավորողների ընդհանուր աշխատանքին, իսկ մյուսը՝ կատարել է առաքիչի աշխատանք, այն է՝ կազմակերպիչների կողմից նախապես նշված վայրից վերցրել է տեղադրված թմրանյութերի փաթեթները, տեղադրել տարբեր վայրեում, լուսանկարել դրանք և ստույգ կոորդինատների հետ միասին ուղարկել վերը նշված էջին, իսկ աշխատանքներում ընդգրկված անձանցից մեկը, փաթեթավորել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց պարունակող կոնֆետները և թխվածքաբլիթները, որոնք ևս գովազդվել ու վաճառվել են «Ivery Organics» տելեգրամյան էջի միջոցով։
Երիտասարդ զույգի կողմից ստեղծված և ղեկավարվող հանցավոր կազմակերպության մեջ ներառվել է նաև «Տելեգրամ» հավելվածում «Tiin» անվամբ գրանցված անձը, ով պարտավորվել է տրամադրել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ «Ivery Organics» էջի միջոցով վաճառելու նպատակով, ինչից հետո վաճառվող թմրամիջոցների մի մասը ձեռք են բերվել նշված անձից:
Հանցավոր խմբավորման աշխատանքները հստակ իրականացնելու նպատակով կազմակերպիչները «Տելեգրամ» հավելվածում ստեղծել են «Штаб» անվամբ խումբ, որտեղ խմբավորման ղեկավարները հանդես են եկել Бoсс և Rich անուններով՝ խմբում ընդգրկելով նաև Kali, Таня, Drake Carleone, PON, Ivoryoperator անվամբ էջերն ու խմբի՝ ինչպես անձը չպարզված, այնպես էլ՝ հայտնի անդամներին, տեքստային և ձայնային հաղորդագրությունների միջոցով, տվել են հստակ ցուցումներ՝ աշխատանքները կազմակերպելու նպատակով:
2022թ. հունվարի 6-ի գիշերը խմբի անդամներից մեկն իր տելեգրամյան էջին հերթական անգամ ստացել է կարգադրություն, որի համաձայն՝ կազմակերպիչների կողմից նախապես նշված վայրից՝ Երևան քաղաքի Այգեձոր թաղամասում գտնվող, հանցավոր կազմակերպության համար որպես գրասենյակ ծառայող առանձնատնից վերցրել է խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրանյութով լցված 28 փաթեթ, որոնք պետք է թողներ Երևան քաղաքի Զեյթուն թաղամասում՝ մատնանշված վայրում: Իր մոտ եղած նշված փաթեթներից մեկը թողնելով պայմանավորված վայրում, փորձել է հեռանալ, սակայն ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բերման է ենթարկվել. անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է 25,22 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ թվով 27 հատ փաթեթ, իսկ որպես գրասենյակ ծառայող հիշյալ առանձնատնից՝ 2.19 գրամ «Տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ թխվածքաբլիթներ, ընդհանուր 1.12 գրամ «Տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ շոկոլադե գնդեր և սալիկներ, առանձնապես խոշոր չափերով՝ 125,31 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, զգալի չափերով՝ 3,97 գրամ քաշով «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց, 0,96 գրամ «Հաշիշ» տեսակի թմրամիջոց, հանցավոր կազմակերպության ղեկավարների կողմից վարձակալված Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերով՝ 55,29 գրամ հաստատուն չոր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, զգալի չափերով՝ ընդհանուր 2,71 գրամ հաստատուն չոր քաշով «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց, շոկոլադանման զանգված՝ 0.13 գրամ «Տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ, 0,1 գրամ «Հաշիշ» տեսակի թմրամիջոց, 2 հատ թարմ «Տետրահիդրոկաննաբինոլ» պարունակող «Կանեփ» տեսակի բույս։
Խմբի երեք անդամների կողմից Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում վարձակալած տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերով՝ ընդհանուր 14,5 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, զգալի չափերով՝ ընդհանուր 7,68 գրամ հաստատուն չոր քաշով «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց, իսկ հանցավոր կազմակերպության օպերատորներից մեկի անձական խուզարկությամբ հայտնաբերվել է 0,56 գրամ հաստատուն չոր քաշով «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց։
Բացի այդ, խմբավորման ղեկավարները, նպատակ ունենալով թաքցնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, իրական բնույթը, իրենց պատկանող և իրենց կողմից կառավարվող Telegram հեռահաղորդակցման հավելվածի Ivery Organics խանութ-հարթակի միջոցով վաճառվող թմրամիջոցը գնելու ցանկություն հայտնած անձանց առաջարկել են վճարումը կատարել Dashqoin տեսակի կրիպտոարժույթով, ինչի նպատակով վերջիններիս տրամադրել են հիմնականում մեկանգամյա օգտագործման հաշվեհամարներ, ուղղորդել նշված հաշվեհամարին գումար փոխանցելու նպատակով նամակագրության միջոցով կապ հաստատել Telegram հեռահաղորդակցման հավելվածում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող CryptocellerArmenia, Armbitcoinbot, ինչպես նաև՝ այլ նմանատիպ հարթակների հետ, վերջիններիս ուղարկել իրենց պատվիրած թմրամիջոցի արժեքին համապատասխան ՀՀ դրամ գումարը և իրենց կողմից հաճախորդին տրամադրված՝ հիմնականում մեկանգամյա օգտագործման Dashqoin տեսակի կրիպտոարժույթի դրամապանակի հասցեն՝ թմրամիջոցի համար նախատեսված գումարին համարժեք կրիպտոարժույթը դրան փոխանցելու նպատակով:
Այնուհետև, ստացված կրիպտոարժույթն իրենց կողմից բացված մեկանգամյա օգտագործման դրամապանակներից փոխանցել են իրենց պատկանող և իրենց կողմից շահագործվող «Dashqoin» տեսակի կրիպտոարժույթի այլ դրամապանակների, ինչի արդյունքում 2021թ. ընթացքում տարբեր ժամանակահատվածներում իրենց պատկանած և իրենց կողմից շահագործված «Դաշքոին» կրիպտոարժույթի թվով երեք դրամապանակներին ընդհանուր՝ 1165 հատ փոխանցումներով ստացել են ընդհանուրը 30.535․666,72797 ՀՀ դրամին համարժեք՝ 380.72 Dashqoin տեսակի կրիպտոարժույթ:
Այնուհետև Ivery Organics խանութ-հարթակում որպես օպերատոր աշխատած անձանց նշված դրամապանակներից վճարվել են աշխատավարձեր՝ կատարված աշխատանքին համարժեք գումարին համահավասար դաշքոին տեսակի կրիպտոարժույթը փոխանցելով վերջիններիս կողմից ստեղծված և նրանց պատկանող Dashqoin դրամապանակներին, որից հետո Telegram հեռահաղորդակցման հավելվածում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող CryptocellerArmenia, Armbitcoinbot և նմանատիպ այլ էջերին են վաճառել վերը նշված էլեկտրոնային դրամապանակներին ստացված՝ 380.72 Dashqoin կրիպտոարժույթը, ապա դրան համահավասար 30․535․666,72797 ՀՀ դրամ գումարը ստացել են իրենց կողմից նշած բանկային քարտերին կամ վճարահաշվարկային համակարգերում բացված էլեկտրոնային դրամապանակներին, այդ կերպ փոխարկել, նյութականացրել և կանխիկ գումարների են վերածել թմրամիջոցների վաճառքի արդյունքում գոյացած, հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցները, որոնք բերել են օրինական շրջանառության դաշտ և տնօրինել։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հանցավոր խմբի երկու կազմակերպիչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, խմբավորման յոթ անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Քրեական վարույթով 9 մեղադրյալի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին:
Հանցավոր խմբավորման՝ ինքնությունը չպարզված անդամների, ինչպես նաև թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրի (աղբյուրների) մասով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: