Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը ներկայացրել է օտարերկրացիների մասնակցությամբ տեղի ունեցած հանցագործությունների վիճակագրությունը, հայտնում է Le Figaro-ն։
ՆԳ նախարարի խոսքով՝ հանցագործությունների համար Փարիզում ձերբակալվածների 48%-ը, Մարսելում՝ 55%-ը և Լիոնում՝ 39%-ը օտարերկրացիներ են։
«Իհարկե, օտարերկրացին իր էությամբ իրավախախտ չէ։ Բայց ակնհայտ է, որ մենք խնդիր ունենք»,- ասել է Ժերալդ Դարմանենը` հավելելով, որ այն «օտարերկրացին, որը լուրջ հանցագործություն է կատարել, պետք է վտարվի, քանի որ նա թքում է իրեն ընդունող հողի վրա»:
ՆԳՆ ղեկավարը ցանկանում է «կտրուկ» նվազեցնել ապօրինի միգրացիան Ֆրանսիայում, ավելի վճռականորեն պայքարել իրավախախտումների դեմ և բարելավել «օտարերկրացիների ինտեգրման պայմանները»:
Վեց տարվա ընթացքում Ֆրանսիայում կստեղծվի ժանդարմերիայի 200 բրիգադ, քանի որ գյուղական վայրերում աճում է հանցավորությունը, ինչպես նաև 11 շարժական ջոկատ մեծ քաղաքներում: