Միջուկային գործարքի վերականգնման հարցի շուրջ ընդհանուր առմամբ մինչև հիմա համեմատաբար լավ առաջընթաց է գրանցվել՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը: Նասեր Քանաանին մանրամասնել է, սակայն, որ միջուկային համաձայնության բոլոր հարցերը դեռ համաձայնեցված չեն, իսկ Միացյալ Նահանգները «դեռևս չի արձագանքել եվրոպական կողմի առաջարկներին»:
Խոսնակի համոզմամբ` համաձայնության հասնելն ավելի շատ պետք է ամերիկյան և եվրոպական կողմին: Իրանցի պաշտոնյան հավելել է, թե բանտարկված անձանց փոխանակումը, որը նախատեսվում է անցկացնել Թեհրանի ու Վաշինգտոնի միջև, կապ չունի իրանական միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցությունների հետ։
ԲՈՐԵԼԸ ԽԵԼԱՄԻՏ Է ՀԱՄԱՐԵԼ ԻՐԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Թեմային անդրադարձել են Բրյուսելից: Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Իրանի պատասխանը միջուկային համաձայնագրի շուրջ ԵՄ-ի վերջին առաջարկին «խելամիտ» է: Բորելը հայտնել է, որ Իրանից պատասխանը փոխանցվել է Միացյալ Նահանգներին. Վաշինգտոնը դեռ պաշտոնապես չի պատասխանել դրան: «Մենք սպասում ենք նրանց պատասխանին, հուսով եմ, որ պատասխանը շուտով կլինի, ինչն էլ թույլ կտա տարին ավարտել դրական արդյունքով»՝ հայտարարել է Ժոզեպ Բորելը:
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԳԱԶԻ ԳԻՆԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է ԳՐԵԹԵ 8 ՏՈԿՈՍՈՎ
Եվրոպայում գազի գինը բարձրացել է գրեթե 8 տոկոսով՝ գերազանցելով հազար խորանարդ մետրի դիմաց 2800 դոլարը. մարտից ի վեր սա նման առաջին դեպքն է: Օգոստոսի 19-ի դրությամբ՝ գինը մոտ 2700 դոլար էր։ Օգոստոսի սկզբին ռուսական «Գազպրոմը» հայտարարեց, որ ժամանակավորապես կփակի միակ գործող գազամղիչ սարքը, որը սնուցում է «Հյուսիսային հոսք» գազատարը: Գազատարով մղումը կրճատվել է մինչև 20 տոկոս։ Հայտարարված կասեցումից հետո, որը կտևի երեք օր, ռուսական ընկերությունը խոստանում է վերսկսել նույն կրճատված ծավալով։
ԳԵՐՄԱՆԻԱՅԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՁՄԵՌ. ՀԱԲԵՔ
Գերմանիային սպասում է ճգնաժամային ձմեռ՝ հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարարը: Ռոբերտ Հաբեքի խոսքով՝ այս պահին այլընտրանքային ենթակառուցվածքների կառուցումը կենսական նշանակություն ունի, որպեսզի Գերմանիան անկախանա ռուսական գազի մատակարարումից։ Նախարարի խոսքով՝ Գերմանիան այս պահին գազի լուրջ խնդիր չունի, քանի որ գերմանական ընկերությունները բավականաչափ գազ են գնել համաշխարհային շուկաներից և կշարունակեն դա անել: Բայց, Հաբեքի խոսքով, Գերմանիայում չկա որևէ ենթակառուցվածք, որը կօգնի Բեռլինին անկախանալ Մոսկվայից:
ՌԴ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿՈՉ
Եվրամիության պատժամիջոցների յոթ փաթեթները բավարար չեն՝ ճնշում գործադրելու Պուտինի վրա Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու համար՝ հայտարարել է Էստոնիայի արտգործնախարարը՝ կոչ անելով Եվրամիությանը լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի նկատմամբ: Ուրմաս Ռեյն-սալուն առանձնացրել է մի շարք միջոցներ, որոնք կարող են ներառվել ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում: Հնարավոր սահմանափակումների շարքում առաջարկվում է՝ էներգակիրների դեմ համապարփակ էմբարգո, ռուսական բանկերի վերջնական անջատում SWIFT համակարգից, ինչպես նաև Եվրամիություն ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքը։