Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային ղեկավար Ջենիֆեր Սվիդերի գլխավորած պատվիրակությանը։
Կողմերը գոհունակություն են հայտնել համագործակցության առկա մակարդակից և անդրադարձել համատեղ իրականացվող ծրագրերի հետագա քայլերին ու միջոցառումներին։ Հանդիպմանը քննարկվել է Արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության աջակցությամբ ՊԵԿ շնագիտական կենտրոնում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի ընթացքը: Նրանք հույս են հայտնել, որ շինարարական աշխատանքները կավարտվեն 2022 թվականի ընթացքում, և այն նոր հնարավորություններ կընձեռի ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչությանն առավել արդյունավետորեն իրականացնել ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարը:
Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը հատկապես կարևորել է գործընկերների կողմից շարունակական տրամադրվող տեխնիկական աջակցությունը` ուղղված մաքսային ծառայողների վերապատրաստմանը և լավագույն փորձի ուսումնասիրմանը։
ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Ջենիֆեր Սվիդերին՝ տարածաշրջանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան իր նոր առաքելությունում:
Կոմիտեի ղեկավարը միաժամանակ շնորհավորել է Իմեդա Ցիցիաշվիլիին՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ և պատրաստակամություն հայտնել համագործակցել հետագա ծրագրերի իրականացման շուրջ: