ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Երևանի Պուշկինի փողոցի բնակարաններից մեկում մի խումբ անձանց կողմից իրականացվում է հեռավար կերպով` այլ երկրի ներքին շուկայում, բեռնափոխադրումների կազմակերպման գործունեություն առանց պետական գրանցման։
Նշված տվյալներն իրացնելու համար ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 11` Երևանի բաժնի աշխատակիցները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ տվյալ բնակարանում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները պարզաբանելու նպատակով:
Միջոցառումների շրջանակում հետազոտվել է ապօրինի ձեռնարկատիրության հասցեն, պարզվել է, որ նշված բնակարանը բաղկացած է 3 սենյակից և 50 քմ մակերեսով սենյակում առկա են եղել սեղան, աթոռներ, 20 համակարգչային կոմպլեկտ` 40 մոնիթորով, հեռախոսներ, որոնցից մի մասն օգտագործել են աշխատակիցները։
Ներկայումս տարվում է նախաքննություն, շարունակվում է նաև հետաքննություն` ապօրինի գործունեության կազմակերպիչների ամբողջ շրջանակը պարզելու, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու նպատակով։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին, մասնավորապես, հեռավար կերպով՝ այլ երկրի ներքին շուկայում բեռնափոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնողներին, միջնորդական ծառայությունների կազմակերպիչներին, հորդորում է զերծ մնալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրությունից և միաժամանակ նախազգուշացնում, որ հարկեր չվճարելու դիտավորությամբ նման գործունեություն կազմակերպելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։