ՆԱՏՕ-Ի ԱՊԱԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌԻՍԿԱՅԻՆ Է
Հյուսիսատլանտյան դաշինքի քաղաքականությունը կարող է հանգեցնել միջուկային ուժերի բախման՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի երկրների ապակառուցողական կուրսը՝ անտեսելու Մոսկվայի կարմիր գծերը և ներքաշվելու Ուկրաինայում Ռուսաստանի հետ առճակատման մեջ, չափազանց ռիսկային է: Նման սցենարը պետք է կանխվի՝ ընդգծել է Ռյաբկովը: Նրա խոսքով՝ միջուկային զենք ունեցող երկրները պետք է հավատարիմ մնան պատերազմի անթույլատրելիության սկզբունքին։ «Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառումը հնարավոր է միայն հարձակմանն ի պատասխան՝ արտակարգ իրավիճակներում ինքնապաշտպանության համար»,- եզրափակել է դիվանագետը:
ԶԵԼԵՆՍԿԻՆ՝ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԳԵՐԻՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է լուրերին, թե Ռուսաստանի քննչական մարմինները նախապատրաստում են ուկրաինացի ռազմագերիների դատավարությունը: Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվայի հետ բանակցություններն անհնարին կլինեն, եթե Ռուսաստանը Մարիուպոլում իրականացնի ուկրաինացի ռազմագերիների ցուցադրական դատավարություն։ Ավելի վաղ Մարիուպոլի քաղաքային խորհուրդը հայտնել էր, որ նախատեսվում է ուկրաինացի ռազմագերիների հրապարակային դատավարություն Մարիուպոլում: Մարիուպոլի քաղաքապետի խոսքով էլ՝ Ռուսաստանը ծրագրում է Մարիուպոլի պաշտպանների դատավարություն անցկացնել օգոստոսի 24-ին՝ Ուկրաինայի անկախության օրը։
ԶՍՊՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՈՉ՝ ԱԷԿ-Ի ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդները համատեղ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակին: Ջո Բայդենը, Բորիս Ջոնսոնը, Էմանուել Մակրոնը և Օլաֆ Շոլցը կոչ են արել զսպվածություն ցուցաբերել Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի հարակից տարածքում ռազմական գործողությունների ժամանակ։ Նրանք ևս մեկ անգամ կարևորել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների այցը Զապորոժիեի ատոմակայան։
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՆՑԼԵՐԸ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ Է
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կանադայում է: Սա Շոլցի առաջին պաշտոնական այցն է հյուսիսամերիկյան երկիր: Նախատեսվում է, որ երկօրյա այցի ընթացքում Գերմանիայի կանցլերը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ պայմանագիր կստորագրի ածխաջրածնային ռեսուրսների մատակարարման շղթաներ ստեղծելու վերաբերյալ, քանի որ Բեռլինը փորձում է հնարավորինս արագացնել ռուսական գազից կախվածությունը՝ նվազեցնելով մատակարարումների ծավալը: Հանդիպումների ընթացքում Օլաֆ Շոլցը կքննարկի նաև Կանադայի բնական հեղուկ գազի Գերմանիա մատակարարումների հեռանկարները:
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ ՄԱՐԵԼ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԸ
Վրաստանի Բորժոմի մոտ փրկարարներին արդեն երրորդ օրն է՝ չի հաջողվում մարել մոլեգնող անտառային հրդեհները։ Հրդեհաշիջման աշխատանքները դժվարացնում են չոր եղանակն ու ուժեղ քամին: Կրակը մարելու համար ներգրավված են չորս ուղղաթիռ և մոտ 300 հրշեջ-փրկարար:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ օգոստոսի 22-ից կրակի մարման աշխատանքներին կներգրավվեն նաև զինծառայողներ։