ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՄՈՒՆՑ (ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒ) - Ես կար անում էի, բայց լիարժեք չէր իմ կարը, ու ես մտադիր եմ իմ բիզնեսն ունենալ կարի ոլորտում:
Մարտակերտից Վաղարշապատ տեղափոխված, բազմազավակ Սվետլանան կարուձևի հմտություններին լիարժեք տիրապետեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ուսուցում աշխատավայրում» նախաձեռնության շնորհիվ, հմուտ դերձակի մոտ վարպետանալուց հետո:
ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍՈԿՈՒԼՍԿԻ (ՄԱԶԾ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՏԵՂԱԿԱԼ) - Մեզ համար շատ կարևոր է օգնել խոցելի խմբերին, գտնել աշխատանք: Հենց այս նպատակով էլ իրականացրեցինք այս նախաձեռնությունը՝ 100 մարդու հնարավորություն տալով անցնել վճարովի աշխատանքային պրակտիկա: Ուրախությամբ պետք է նշենք, որ նրանցից 34-ը արդեն աշխատում են:
«Հետկոնֆլիկտային շրջանում Հայաստանի առավել խոցելի համայնքների և խմբերի վերականգնման աջակցություն» ծրագրով՝ գյուղատնտեսությունից մինչև մասնագիտական հմտությունների բարելավում, օժանդակություն է ցուցաբերվում: «Ուսուցում աշխատավայրում» նախագիծը ընդգրկել է Երևանը, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերը:
ԱՐՄԱՆ ՎԱԼԵՍՅԱՆ (ՄԱԶԾ «ԿԱՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐ) - Էս բաղադրիչը շատ ուղիղ կապ ունի մարդու կյանքի որակի բարելավմանն ուղղված, որովհետև ինքը տալիս է գիտելիքներ, աշխատանք, հնարավորություն և ցույց է տալիս ապագա, թե ինչ կարելի է անել:
Համագործակցելով Միասնական սոցիալական ծառայության 22 տարածքային կենտրոնների հետ՝ ըստ մասնագիտության, նախասիրության ու փորձառության ընտրել են շահառուներին և վերապատրաստել 86 ընկերությունում:
ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ (ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ) - 100 շահառու կարողացավ անցնել աշխատանքային փորձ կոնկրետ ձեռնարկություններում, իրենք էդ երեք ամսվա համար վճարվեցին մեր ծրագրի կողմից, որպեսզի այլ խնդիրների մասին չմտածեն, սովորեն, որից հետո 100-ից 34-ը արդեն ունեն կոնկրետ աշխատանք, մնացածն էլ, հուսով եմ՝ կգտնեն:
34-ն էլ աշխատանքի են անցել նույն ձեռնարկություններում: Ավելին, ունեն դեպք, երբ ծրագրի շահառուն դարձել է գործատու:
ՆՈՒՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ (ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒ) - Աշխատանքային պրակտիկան անցել եմ Ապարանի հաշվապահական հաշվառման գրասենյակում, որի ավարտին ինձ աշխատանք են առաջարկել, մեծ սիրով համաձայնվել եմ, հիմա հաշվապահական գրասենյակի տնօրեն եմ հանդիսանում:
Տարիքային ու մասնագիտական սահմանափակում չի եղել՝ վարսահարդար, մատնահարդար, ինժեներ, մենեջեր, մանկավարժ, հացթուխ ու ծրագրավորող: Արամն ու ընկերներն արդեն աշխատում են Այ Թի ոլորտում ու վերապատրաստումներ անցկացնում:
ԱՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ (ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒ) - Կազմակերպությունը կոնկրետ զբաղվում ա ծրագրավորման դասընթացներով, ես երեք ամսվա ընթացքում կազմակերպությունում սովորել եմ Ֆրոնտեն, հիմա աշխատանքի եմ անցել նույն կազմակերպությունում:
Ծրագրի ավարտին մասնակիցները ստացան հավաստագիր, ինչը ծրագրի համակարգողի խոսքով՝ կօգնի գտնել աշխատանք այլ կազմակերպություններում:
Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան