Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան մեղադրվում է Երևանում մոտ 80 հազար քմ մակերեսով հողատարածքների հափշտակության համար: Այս ամռանը Կադաստրի կոմիտեի ղեկավարի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ: Խոսքը Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի հարակից տարածքում գտնվող 7 հողամասի հափշտակության մասին է՝ մանրամասնում է քննչական խմբի ղեկավար Դավիթ Կոստանդյանը:
Դավիթ Կոստանդյան (ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական 2-րդ վարչության պետի տեղակալ) - Հափշտակությունները կատարվել են պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կատարման արդյունքում: Գերակշիռ մասը հանդիսանում է պետական սեփականություն և ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չհատկացվող, չտրամադրվող հողամասերի ցանկում:
Մինչդեռ հայտնի Նորքի անտառներից 8 հեկտարը գրանցված է տարբեր անձանց անուններով: Բացահայտվել են մոտ 4,5 մլրդ դրամ շուկայական արժեքով համայնքային և պետական սեփականության հողատարածքների հափշտակության դեպքեր. մեղադրանք է ներկայացվել 6 անձի, 2-ը, այդ թվում՝ Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան, կալանավորվել են:
Դավիթ Կոստանդյան - Երկուսը հափշտակելու համակատարողներ են, նախնական համաձայնությամբ կատարել են, մյուսները նրանց օժանդակած անձինք են, ովքեր նրանց ազգականներ են. մեկը՝ հայրը, մյուսը՝ մորաքրոջ որդու զոքանչն ա, հարևանը: Պատահական մարդկանց չեն ներգրավել, հիմնականում ազգականներ են: Ուշագրավ է, որ տարեց մարդկանց են ընդգրկել:
Կադաստրի կոմիտեի միջին օղակի նախկին պաշտոնյան աշխատել է տարբեր ստորաբաժանումներում՝ Էրեբունի մասնաճյուղից մինչև միասնական գրանցման գրասենյակ: Ըստ նախաքննության՝ հանցագործությունը կատարվել է 2016-17 թվականներին: Քննչական խմբի ղեկավարը ցույց է տալիս կադաստրային գործերը. դրանք հիմա իրեղեն ապացույց են: Ուսումնասիրության համաձայն՝ բոլոր փաստաթղթերը կեղծված են՝ սեփականության իրավունքը գրանցելու քաղաքացիների դիմումներից մինչև Երևանի քաղաքապետի որոշումներ:
Դավիթ Կոստանդյան - Քննությամբ հիմնավորվել է, որ նման որոշումներ Երևանի քաղաքապետի կողմից չեն կայացվել: Այսինքն՝ կադաստրային գործերում առկա տեղեկություններ, որ իբև այս հողամասերը պետությունը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդների ընթացքում օտարվել են քաղաքացիներին, քաղաքացիները գնել են, մի քանի միլիոն վճարվել են բյուջե, իրականում նման բան տեղի չի ունեցել:
Պարզվել է՝ 7 կադաստրային գործերը կազմվել են նույնությամբ, հողամասի առուվաճառքի պայմանագրեր չեն կնքվել, նոտարը չի վավերացրել, ավելին՝ նոտարական վավերացում ստացած համարներով 2005-ին կատարվել են այլ գործարքներ: Առաջնահերթ քննարկվում է վարկածը, ըստ որի առերևույթ հանցագործությունը կատարել են միաժամանակ նույն անձինք: Հողամասերից մեկը 2021-ին ավելի քան 120 միլիոն դրամով վաճառել են:
Դավիթ Կոստանդյան - Քրեական վարույթով ձեռք բերված տվյալները հիմք են տալիս հիմնավորված համարելու, որ առանց պաշտոնատար անձանց ներգրավման, մասնակցության այս հափշտակությունները չէին կարող իրականացվել:
Կոմիտեի նախկին Մարաշ բաժանմունքի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում կատարվել են փոփոխություններ. այստեղ առանձնացրել են հանցագործության համար կեղծված էջերը: 2005-ին 7 հողամասի վերաբերյալ կոնկրետ համարներով գրանցվել է անձանց սեփականության իրավունքը:
Դավիթ Կոստանդյան - Դրանից հետո այս մատյանի էջերը փոխվել են, պոկվել, դրվել այլ անձանց անուններ: Նույն օրով ունենք 2 տարբեր անձանց սեփականության իրավունք: 2005-ին գրանցվել են, մարդիկ տեղյակ չեն, որ պոկված են էջերը, դրվել են այն անձանց անունները, որ հափշտակել են: Ոչ թե պատռված են, այլ սոսնձված, քննության առարկա է: Ակնհայտ է, որ փոխվել են: Դժվար է պատկերացնել, որ կարելի է 7 որոշում կեղծել, հիմնավորվում է, որ կեղծ են բոլորը:
Ձեռնարկվում են քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ընդգրկված բոլոր անձանց, Կադաստրի կոմիտեում, Երևանի քաղաքապետարանում պաշտոն զբաղեցրած անձանց բացահայտելու, հողամասը պետությանը վերադարձնելու համար: Խարդախությամբ հափշտակության համար Քրեական օրենսգիրքը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում: