Էջմիածին քաղաքում միջազգային չափանիշներին համապատասխան բժշկական կենտրոն է կառուցվում: Այստեղ Արմավիրից բացի կսպասարկվեն նաև հարևան մարզերի բնակիչները: Նախագծի հեղինակը Արաբական Միացյալ Էմիրություններում ապրող մեր հայրենակիցն է: Քաղաքում կառուցվող շենքը նախագծելիս հաշվի են առել մի շարք հանգամանքներ՝ ստեղծել այնպիսի հարմարություններ, որ ներսում պացիենտների հնարավոր շփումները բացառվեն, և վարակները չփոխանցվեն:
Ավետիս Մուրադյան (խորհրդատվական գրասենյակի Հայաստանի մասնաճյուղի գլխավոր տնօրեն) - Հիվանդը մտնի առողջապահական կենտրոն ու դուրս գա առողջ, այլ ոչ ուրիշ վարակներով վարակված: Դրա համար այս նախագծում օգտագործել ենք միջազգային առողջապահական կենտրոնների չափանիշները, այդ չափանիշներին համապատասխան սենյակների, միջանցքների չափսերը, հոսքը, մուտքը, հիվանդի, այցելու խաչաձևում չպետք է կատարվի:
Բուժհաստատությունում մեկական մահճակալով 21 հիվանդասենյակ կլինի, նաև առանձնացված մեկուսարաններ՝ վարակակիրների համար: Վարակված պացիենտի տեղափոխումը առանձնացված տարածք կիրականացվի հատուկ այդպիսի դեպքերի համար նախատեսված միջանցքներով:
Ճնշման ռեժիմների տակ ենք դնելու տարբեր բաժանմունքները, որ իրար մոտ գտնվող սենյակներում վարակը չտարածվի, օրինակ՝ մեկուսարանը կամ վիրահատական սենյակը պետք է տարբեր ճնշման տակ լինեն:
Շենքում տարբեր դեպքերի համար նախատեսված մուտքի մի քանի դուռ կլինի: Անվասայլակով թե քայլակով՝ ներսուդուրս անող հիվանդը տեղաշարժվելու դժվարություն չպետք է ունենա: Սկզբի համար բուժհաստատությունում կգործի 9 բաժանմունք:
Հայրիկ Սարգսյան (բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն) - Անհետաձգելի բուժօգնության, ճառագայթային ախտորոշման, ամբուլատոր-պոլիկլինիկական, լաբորատոր, վիրաբուժական, որը սերտ կապված է լինելու ախտահարման բաժանմունքի հետ, լինելու են ակնաբուժականը՝ իր վիրահատարանով և էնդոսկոպիկ բաժանմունքը:
Բծախնդրությամբ է հատկապես նախագծվել վիրաբուժական բաժանմունքը, այստեղ նաև երկու վերելակ կգործի: Մեկով բերելու են ախտահանված գործիքները, մյուսով դուրս են հանվելու արդեն օգտագործածները:
Հիվանդասենյակներից ու միջանցքներից մինչև սանհանգույցներ կտեղադրվի նաև բուժքույրերի կանչի համակարգ: Նորակառույց հիվանդանոցում ավելի քան 150 աշխատատեղ կբացվի: Շենքը շահագործման կհանձնվի մյուս տարվա գարնանը: