Ավան վարչական շրջանի Աճառյան 2-րդ փակուղու այս տարածքն արդեն երկրորդ տարին հարևանությամբ ապրողների ուշադրության կենտրոնում է: «Քոփփեռ» ընկերությունն այստեղ ցանկանում է արտադրամաս գործարկել` պղինձ և ալյումին հալեցնելու համար: Շուրջ 1 կմ հեռավորության վրա գտնվող Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչների մի մասը դեմ է:
Էմիլ Սարգսյան («Ծարավ Աղբյուր» համատիրության նախագահ) - Արմատական ենք տրամադրված և մենք, առհասարակ, չենք ուզում մտնել այդ դաշտ, որ արժի՞, թե՞ չարժի: Մենք միանգամից ասում ենք, որ ձուլարան Ավանում, Երևան քաղաքում, ես, առհասարակ, քաղաքում ձուլարան կառուցելուն դեմ եմ:
Համատիրության նախագահը նշում է՝ մտավախություն ունեն, որ արտադրամասը կաղտոտի օդը և հետագայում բազմաթիվ խնդիրներ կառաջացնի կանաչ տարածքներով հարուստ թաղամասի համար:
Էմիլ Սարգսյան - Չարժի բերել այդ ձուլարանը փոքրիկ ռումբ տեղադրել, հետո մտածենք, թե ոնց անել, որ այդ ռումբը հետագայում չպայթի:
Ընկերությունը ձուլարան չէ, այլ պղնձի և ալյումինի հալման արտադրամաս՝ հակադարձում են ներկայացուցիչները: Այստեղ երկրորդական հումքի վերամշակում են իրականացնելու:
Մանուկ Նիգոյան (ընկերության լիազոր ներկայացուցիչ) - Մենք ոչ թե առաջնային հումքից՝ հանքանյութից, քիմիական ճանապարհով ստանում ենք պղինձ կամ ալյումին, այլ արդեն գոյություն ունեցող պղնձի կամ ալյումինի թափոնը էլեկտրական և գազային վառարանի մեջ տաքացնելու միջոցով հալացնում ենք, դարձնում ենք հեղուկ և իրեն դարձնում ենք կտորներ:
Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, որտեղ խնդրի վերաբերյալ հանրային լսումներ են կազմակերպվել, ընդգծում են՝ էական չէ՝ արտադրամասը հալման է, թե ձուլման:
Վահե Հակոբյան (Ավան վարչական շրջանի ղեկավար) - Անկախ նրանից՝ տվյալ մետաղական հանածոն պետք է ձուլվի, թե հալում կատարվի, դա իրենից ներկայացնում է մետաղական հանքանյութի վերամշակում, և օրենքով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, այն պետք է անցնի փորձաքննություն:
Արտադրամասը գործելու թույլտվություն չունի, բայց անհրաժեշտ սարքավորումներն արդեն գնել են: Ընկերության տեխնոլոգը վստահեցնում է՝ էլեկտրական և գազի երկու վառարանը շրջակա միջավայրի համար վտանգավոր չեն:
Յուրի Սուքիասյան (արտադրամասի տեխնոլոգ) - Թող գան, մոնիթորինգ անեն, որ տեսնեն, որ ոչ մի արտանետում չկա, տաքացնում ենք պղինձը, ձուլվում է, տանում են, ի՞նչ արտանետում պիտի լինի:
Վարչական շրջանի ղեկավարը նշում է՝ բացի Ծարավ Աղբյուր թաղամասից, անհանգստացած են նաև Բուսաբանական այգու համար: Ընկերությանն առաջարկել են փոխել արտադրամասի գործունեության վայրը:
Վահե Հակոբյան - Բնակավայրից գտնվում է 600 մետր հեռավորության վրա, կոնկրետ Ծարավ Աղբյուր բնակելի թաղամասից: Դա ուղիղ, եթե քամի լինի, միանշանակ այդ կեղտոտ օդը տանելու է բարձրադիր այդ թաղամասը: Նաև մեր համայնքում է գտնվում Երևան քաղաքի եզակի համարվող Բուսաբանական այգին, որտեղ մարդիկ իրենց հանգիստն են կազմակերպում, գալիս են մաքուր օդ շնչելու և կառուցվող ձուլարանից գտնվում է ընդամենը 2 կմ հեռավորության վրա:
Ընկերությունում արտադրամասի վայրը փոխելու անհրաժեշտություն չեն տեսնում: Մանուկ Նիգոյանի խոսքով՝ իրենք մի քանի տարբերակ են ուսումնասիրել: Չափորոշիչների համաձայն՝ արտադրամասը բնակելի հատվածից և հիվանդանոցից 200 մետր հեռավորության վրա գործելու իրավունք ունի:
Մանուկ Նիգոյան - B1 կետն ամենաարդյունավետ դիտարկվող կետն է, որի հեռավորությունը բնակելի հատվածից 400 մետր է կազմում մոտավոր և հիվանդանոցից կազմում է, գրեթե, 300 մետր:
Նիգոյանը նշում է՝ հարգում են բնակիչների մտահոգությունը, սակայն երրորդ անձանց կողմից բնակիչներին արտադրամասի վերաբերյալ կեղծ տեղեկություն հասցնելու դեպքեր են նկատել:
Մանուկ Նիգոյան - Ես ապացուցելու համար, որ մենք չենք խաբում, հրավիրեցի իրենց արտադրամաս, բայց որևէ մեկը հրավերին չարձագանքեց, որևէ մեկը չի եկել սարքավորումները տեսնելու:
Հարցի վերաբերյալ առաջինը կարծիք հայտնելու իրավասությունը վարչական շրջանինն է:
Վահե Հակոբյան - Ավան վարչական շրջանի աշխատակազմն արդեն իր բացասական կարծիքն ուղարկել է համապատասխան գերատեսչություններին՝ դեմ լինելով, որ Ավանում կառուցվի այդ ձուլարանը:
Արտադրամասը կգործի, թե ոչ՝ կախված է Երևանի քաղաքապետարանի և շրջակա միջավայրի նախարարության եզրակացությունից: Պատկան մարմինները որոշման համար 30-օրյա ժամկետ ունեն:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան