Արագածոտնի մարզ կատարած երկօրյա այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Բյուրականի աստղադիտարան և Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան։ Աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Հարությունյանը ներկայացրել է աստղադիտարանի հնարավորությունները, կատարվող աշխատանքները և նոր նախաձեռնությունները։ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում շրջայցի ընթացքում վարչապետի տիկնոջը ներկայացվել են մեծ գիտնականի աշխատասենյակը, Համբարձումյանի կյանքի և գործունեության կարևոր դրվագներ։
Աննա Հակոբյանին ցուցադրել են նաև մեծությամբ երկրորդ դիտակը, որի բացմանը 1961 թ. ներկա է եղել Նիկիտա Խրուշչովը։ Դիտակը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտական արժեքների շարքում, և այն վերսկսվել է գործարկումը 2010 թ.-ից։ Աստղադիտարանում հայտնել են, որ այս տարի արցախցի դպրոցականների և ուսանողների համար կազմակերպվել է ամառային գիտական ճամբար, որից հետո անցկացվել է նաև ավանդույթ դարձած բյուրականյան 8-րդ գիտաճամբարը։
Աննա Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով աստղադիտարանի տնօրինությանը հյուրընկալության, գրքեր և դիտակի մանրակերտ նվեր ստանալու համար, խոստացել է առաջիկայում կրկին այցելել աստղադիտարան։
Աննա Հակոբյանը համալիրում գտնվող պլանետարիումում հանդիպել և զրուցել է երեխաների հետ, դիտել տիեզերքի մասին գիտակրթական ֆիլմ։
Վարչապետի տիկինն այցելել է նաև Բյուրականի արվեստի ակադեմիա, որտեղ նրան դիմավորել է ակադեմիայի հիմնադիր, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: Ի պատիվ վարչապետի տիկնոջ այցելության կազմակերպվել է համերգ՝ «Նոր անուններ» ծրագրի տաղանդավոր սաների մասնակցությամբ։
Համերգից հետո Աննա Հակոբյանը հանդիպել է մարզի գործարար կանանց և կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Չրագործությամբ, զբոսաշրջային, հյուրատնային բիզնեսով զբաղվող կանայք վարչապետի տիկնոջն են ներկայացրել իրենց բիզնես գործունեությունը և արտադրանքը:
Կրթական ոլորտի ներկայացուցիչները, դպրոցների տնօրենները Աննա Հակոբյանին հայտնել են, որ վերջին երկու-երեք տարիներին պետական աջակցությամբ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել՝ հիմնանորոգվել են դպրոցներ, ջեռուցման համակարգեր են տեղադրվել։