ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղեկցությամբ այցելել է Ոսկեվազ համայնքի «Ավալանժ» վարդերի ջերմոցային տնտեսություն։ Վերջինիս հիմնադիր սեփականատեր Վահագն Խաչատրյանը Աննա Հակոբյանին ներկայացրել է ջերմոցային տնտեսության առանձնահատկությունները, արտադրվող ծաղիկների տեսականին և վարդերի աճեցման հատուկ տեխնոլոգիական շղթան։ Խաչատրյանը նշել է, որ 6 հեկտար տարածքով ջերմոցային տնտեսությունում աշխատում է 55 աշխատակից, իսկ աճեցվող վարդերը պահեստավորվում են և արտահանվում Ռուսաստանի Դաշնություն։ Աննա Հակոբյանը շրջայցի ընթացքում զրուցել է աշխատակիցների հետ, ծանոթացել աշխատանքային պայմաններին:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ապա հյուրընկալվել է «Թաթոյենց քոթուկ» զբոսաշրջային տանը։ Տան սեփականատեր Հռիփսիմե Թումանյանը, դիմավորելով Աննա Հակոբյանին նշել է, որ այն Աշտարակ քաղաքի ամենահին տունն է՝ կառուցվել է 1837 թ. Թադևոս Թումանյանի՝ Թաթոյի կողմից։ Տունը ներառված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Թումանյանը վարչապետի տիկնոջը ներկայացրել է հյուրատան վերածած իր հայրական տունը, որտեղ պատրաստում են աշտարակյան ավանդական ճաշատեսակներ, հյուրասիրում զբոսաշրջիկներին, նրանց հետ անցկացնում վարպետության դասընթացներ և ծանոթացնում հայկական ավանդույթներին։