ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է լրագրող Դարիա Դուգինայի սպանությունը, հաղորդում են գործակալության հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
«Հաստատվել է, որ հանցագործությունը նախապատրաստել և կատարել են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հանցագործն Ուկրաինայի քաղաքացի Նատալյա Վովկն է՝ ծնված 1979 թ.»,- ասվում է հաղորդագրությունում։
ԱԴԾ-ն պարզաբանել է, որ Վովկը 12-ամյա դստեր հետ հուլիսի 23-ին ժամանել է Ռուսաստան և բնակարան է վարձել այն շենքում, որտեղ ապրում էր Դուգինան՝ նրա մասին տեղեկություններ հավաքելու համար։
Հանցագործության օրը Վովկը դստեր հետ եղել է «Ավանդույթ» փառատոնում, որտեղ Դարիա Դուգինան հոր՝ Ալեքսանդր Դուգինի հետ էր և ներկա էր որպես պատվավոր հյուր, ասվում է ԱԴԾ հաղորդագրության մեջ։ Օգոստոսի 21-ին Դուգինայի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայի պայթյունից հետո Վովկն ու իր դուստրը Պսկովի շրջանով մեքենայով գնացել են Էստոնիա:
Հետաքննության հիմնական վարկածն այն է, որ պայթուցիկը գործել է հեռակառավարման միջոցով այն բանից հետո, երբ Դուգինան հեռախոսային զանգ է ստացել։
29-ամյա Դարիա Դուգինան հոր գաղափարական իրավահաջորդն էր, որը քարոզում էր «ռուսական աշխարհ» հասկացությունը։