Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է։ Մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։ Փրկարարները դեռ շարունակում են որոնել անհետ կորած մյուս քաղաքացուն՝ 55-ամյա Վանիկ Խաչիկի Ամիրխանյանին:
Որոնողական աշխատանքները վերջին երկու օրերին կենտրոնացել են նկուղի մի հատվածի ու երկրորդ հարկի ուղղությամբ՝ հաշվի առնելով հավաքված ու համադրված տեղեկատվությունը, թե դեպքի օրը որտեղ է գտնվել Սուրմալուի՝ անհետ կորած համարվող աշխատակիցը: Նա պահեստ էր գնացել՝ հաշվելու նախորդ օրը ստացած ապրանքը:
Հովհաննես Եմիշյան (ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ) - Քանի որ այդ հարկից նաև միանգամից փլուզում էր եղել նկուղ, նկուղի հատվածն էլ էինք նայել: Բացի դրանից, քանի որ պահեստային տարածքում բարձր ջերմաստիճան էր եղել (մենք 20 ժամից ավելի էդտեղ հրդեհաշիջում էինք անում), մոխրի բարձրությունը որ նայում ենք, մոտավորապես 1.5 մ մոխիր է եղել:
Նկուղում նրանից որևէ մասունք չի հայտնաբերվել: Որոնումներ դեռևս չեն արվել միայն մի փոքր տարածքում: Մոտավորապես մի, եթե մակերեսով նայենք, մի 40 քմ է մնացել, բայց խորությամբ իջնում է մինչև 3 մ:
Հավանական է, որ արդեն վաղը փրկարարներն ավարտեն որոնման աշխատանքները և պարզ կդառնա՝ կորած քաղաքացու գոնե մասունքներ գտնել հնարավոր եղավ, թե չէ:
Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին: Փլատակներից հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են։
Պայթյունի հետևանքով տուժած և բուժհաստատություններ ընդունված 62 անձանցից երեքը դեռ հոսպիտալացված են: Առողջապահության նախարարությունից «Լուրերը» տեղեկացավ, որ նրանց վիճակը գնահատվում է բավարար և առաջիկա օրերին դուրս կգրվեն:
Հեղինակ` Աննա Զախարյան