«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Երևանի օդն ավելի է աղտոտվել: Պայթյունի օրը մարդու առողջության համար վտանգավոր փոշին, ազոտի ու ծծմբի երկօքսիդը գերազանցել են թույլատրելի սահմանը:
Վարդուհի Պողոսյան (ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի առաջատար մասնագետ) - Հիմնվելով նախնական ցուցանիշի վրա՝ կարող ենք ասել, որ փոշին թույլատրելի սահմանային կոնցենտրացիայից բարձր է:
Այս բաղադրիչների գերազանցումը ալերգիայից մինչև սրտանոթային ու մաշկային խնդիրներ կարող է առաջացնել, նշում են մասնագետները:
Թագուշ Էրանոսյան (ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի առաջատար մասնագետ) - Տրված է հրահանգ, որպեսզի ավելացման դեպքում գունավորում ստանան, ու անզեն աչքով էլ կտեսնեք, որ Կենտրոն վարչական շրջանում աղտոտված է:
Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջաններ. օդի աղտոտվածության առումով պայթյունի ազդեցության հիմնական գոտիներն են եղել: Բաղադրիչները մոտ 5 անգամ գերազանցել են թույլատրելի չափը:
Գոհար Հակոբյան (ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի մթնոլորտային օդի որակի մոնիտորինգի ծառայության պետ) - 14-15 ընկած հատվածում փոշու գերազանցում սահմանային թույլատրելի արժեքից 4.2 անգամ է եղել, որը բարձր է, կրկեսի մեր դիտակայանի տարածքում էլ` ազոտի երկօքսիդի ծծմբի մինչև 1.8 անգամ գերազանցում:
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը մթնոլորտային օդի աղտոտվածության դիտարկումներն իրականացնում է 5 անշարժ և 42 շարժական դիտակետերի միջոցով, սակայն պայթյունից հետո տեղադրել է լրացուցիչ շարժական դիտակայաններ, այդ թվում՝ պայթյունի վայրում: Պատկերը հուսադրող չէ. ծծմբի երկօքսիդը 4.6, ազոտինը՝ 2.6 անգամ գերազանցել են թույլատրելի սահմանը: Կայաններ են տեղադրվել նաև որոշակի հեռավորության վրա:
Գոհար Հակոբյան - Պայթյունից 5 և 10 մ հեռավորության վրա ազոտի ու ծծբի երկօքսիդները մինչև 2.5 -3 անգամ գերազանցել են, սակայն այդ թիվը գնալով նվազում է:
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնն օդում ու պայթյունից հետո առաջացած ոչ բոլոր տարրերն է ուսումնասիրում. համապատասխան սարքավորումներ չունեն: Մասնագետը վստահեցնում է՝ պայթյունի առաջացրած փոշին հագեցած է եղել նաև այլ քիմիական տարրերով, հորդորում առանց պաշտպանիչ մեթոդների և արտահագուստի չմոտենալ տարածքին:
Քրիստինա Վարդանյան (ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բ. գ. թ.) - Այստեղ կան այնպիսի տարրեր, որոնք բավականին երկար ժամանակ կարող են մնալ միջավայրում, կանաչապատման ՀՈԱԿ-ն ունի այդ հնարավորությունը` ցողեն ծառերը բարձության վրա, թունավոր նյութերն իջնեն հողն, ու արվի ոռոգման աշխատանք, բնակարաններում` խոնավ մաքրում, պատուհաններ լվանան, վարագույրները, որ հնարավոր հետևանքները նվազեն:
Օդի աղտոտվածությունն առողջության համար անհետևանք չի մնում. փաստում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները:
Քրիստինա Վարդանյան - Տարեկան մոտ 7 մլն մարդ մահանում է օդի աղտոտվածության պատճառով: Եթե մենք մահացության ցուցանիշները նայենք, ապա 1/4 ինսուլտների, ինֆակտի, 1/3 թոքի չարորակ գոյացությունների, և մոտ կեսը՝ 43 տոկոս, թոքային հիվանդությունների պայմանավորված է հենց օդի ավազանի աղտոտվածությամբ:
Օդի ավազանի աղտոտման խնդիրը մարտահրավեր է ամբողջ աշխարհի համար. նկատում է Վարդանյանը, բայց վստահեցնում՝ աշխարհում տարբեր պետական ծրագրերով պայքարում են դրա դեմ, այն է` ավելացնել կանաչ տարածքները, ջուրը, նվազեցնել կամ որակապես փոխել տրանսպորտը. սրանք այն ծրագրերից մի քանիսն են, որոնք պետք է իրականացվեն օդի աղտոտվածության խնդրի նվազեցման համար:
Հեղինակ` Անի Օհանյան