Այբբենարանը թևի տակ փորքիկ Միքայելն ընտանիքին օգնում է Բերդից ջուր տեղափոխել հարևան Տավուշ գյուղ. քանի դասերը չեն սկսել, փորձում է մեծերի հոգսը թեթևացնել, իսկ գյուղը խմելու ջուր չունի արդեն երկար տարիներ:
Ալբերտ Դալլաքյան (Տավուշ գյուղի բնակիչ) - Խմելու ջուր չկա, ոռոգման ջուր չկա, ոռոգմանը հլը ինչ-որ մի տեղ ոչինչ, բայց օգտագործման ջուր չկա:
Նույնիսկ դարից ավելի սարերից ինքնահոս իջնող Դարբինյանների տոհմի աղբյուրի ջուրն է բարակել. պատճառը կլիմայի փոփոխություններն ու մաշված ներքին ցանցն է. այս խնդիրն ամբողջ գյուղում է նկատելի: Ստիպված գյուղացիները խմելու ջուրը տարաներով օրը մի քանի անգամ Բերդից ու հարևան համայնքներից են բերում:
Նվեր Մաճկալյան (Տավուշ գյուղի բնակիչ) - Խմելու ջուրը ամեն օր գալիս ենք, էստեղից տանում:
Կառավարության հրատապ ծրագրով Տարածքային զարգացման հիմնադրամն սկսեց ջրամատակարարման արտաքին ցանցի կառուցումը: Աշխատանքը բարդ էր՝ ջրագիծը գյուղ են հասցրել սարերով: Տավուշում արտաքին ջամատակարարման ցանց ունենալու համար մոտ 72 մլն դրամ պահանջվեց, մեծ մասը պետությունը տրամադրեց, 5 տոկոս ներդրումը և նախագծանախահաշվային ծախսերը համայնքը հոգաց:
Ռուբիկ Թերզյան (ՀՏԶՀ փորձաքննության բաժնի պետ) - Դա ամբողջությամբ նոր ջրագիծ է. և՛ աղբյուրակապ կառույցն է իրականացվել, և՛ խողովակաշարը: Բոլորը նոր են, շարունակության կարիք ունի, ու դրանից հետո կծառայի գյուղին:
Տարածքային զարգացման հիմնադրամը մոտ 9 կմ երկարությամբ ջրամատակարարման արտաքին ցանց է անցկացրել, ներքին ցանցը, որով ջուրը կհասնի Տավուշ, համայնքի պատասխանատվությունն է: Համայնքը սկսել է աշխատանքը, խոստանում են ավարտել մոտ 2 ամսից:
Գագիկ Յանոսյան (շինաշխատանքների ղեկավար) - Հիմնական մայր գծերը լրիվ քաշված, ծածկված են, մնում են միացումները:
Ներքին ցանցի համար Բերդ համայնքը դիմել էր Կառավարությանը՝ աշխատանքը սուբվենցիոն ծրագրով իրականացնելու համար: 70 տոկոսը կհատկացնի գործադիրը, 30-ը՝ համայնքը:
Սամվել Հովսեփյան (Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ) - Ներքին ցանցի կապիտալ վերանորոգումը պարունակում է և՛ դիտահորերի, և՛ ջրատարների, խողովակների փոխարինում, ջրաչափերի տեղադրում և, իհարկե, մաքրման կայանը:
Աշխատանքի ավարտից հետո Տավուշ գյուղը շուրջօրյա ջրամատակարարում կունենա՝ վստահեցնում է համայնքային իշխանությունը: Գյուղացիներն անհամբեր են, սպասում են:
Հեղինակ՝ Անի Օհանյան