ԶԵԼԵՆՍԿԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՆՎԱԶԵՑՆԵԼ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻՑ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը Զապորոժիեի ատոմակայանում կարող է վերականգնել կայանի անվտանգությունը՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ նախազգուշացնելով իր բնորոշմամբ՝ ռուսական «ռադիացիոն շանտաժի» մասին։ Ավելի վաղ Զելենսկին նշել էր, որ եռակողմ հանդիպման ընթացքում համաձայնեցվել են Զապորոժիեի ԱԷԿ-ում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հնարավոր առաքելության չափանիշները: Ուկրաինայի ղեկավարը նորից կոչ է արել եվրոպական երկրներին նվազեցնել կախվածությունը ռուսական գազից՝ շեշտելով, որ որքան երկար Ռուսաստանը մնա հիմնական մատակարար, այնքան էներգետիկ կարիքների անկայունությունը կպահպանվի։ Երեկ, «Գազպրոմից հայտարարել էին, որ «Հյուսիսային հոսք 1» գազատարը, որը ռուսական բնական գազ է մատակարարում Գերմանիային Բալթիկ ծովով, կդադարեցվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը:
775 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓԱԹԵԹ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է Ուկրաինային 775 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել: Միացյալ Նահանգները մտադիր է նոր տրանշի շրջանակում Կիևին մատակարարել հետախուզական անօդաչու թռչող սարքեր, հակատանկային հրթիռային համակարգեր, զինամթերք՝ համազարկային կրակի HIMARS համակարգերի համար և այլ զինատեսակներ: Պենտագոնն էլ հայտարարել է, որ ուսումնասիրում է Ուկրաինային նոր տեսակի սպառազինություն մատակարարելու հնարավորությունը, որը թույլ կտա «փոխել իրավիճակը մարտադաշտում» երկրի հարավային և արևելյան հատվածներում։
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ՝ G20-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ ՌԴ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ռուսաստանը «բարոյական իրավունք չունի» ներկա գտնվելու Քսանի խմբի գագաթնաժողովին, քանի դեռ Ուկրաինայում ռազմական հատուկ օպերացիան շարունակվում է` հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը հաստատել է G20-ի գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու մտադրությունը: G20-ի առաջնորդների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին՝ Բալի կղզում: Երեկ, Ինդոնեզիայի նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը ծրագրում են մասնակցել Բալիում նախատեսված G20 գագաթնաժողովին:
ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՐԵԼ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանրությանը կոչ է արել միավորվել հանուն Վրաստանի եվրոպական ապագայի: Նախագահը կոչով դիմել է հանրությանը, կառավարությանը, տեղական և կենտրոնական իշխանություններին ու խորհրդարանին: «Սա հոբելյանական տարի է, և միևնույն ժամանակ, մեզ համար՝ Վրաստանի համար հաջորդ տարին վճռորոշ է լինելու մեր եվրոպական ճանապարհին։ Սա, հավանաբար, պատահականություն չէ»,- ասել է նախագահը։