7 նոր կյանք՝ պատերազմից հետո, զոհված զինծառայողների ընտանիքներում. սոցիալական գերատեսչությունն ամփոփում է տարվա առաջին կեսի պետական աջակցության արդյունքը:
Դավիթ Խաչատրյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Շուրջ 80 դիմում ենք արդեն ունեցել ծնողներից, 70-ի մասով կատարվել է վերլուծություն, գրեթե բոլորը բավարարվել են: 10 դիմումը գտնվում են ուսումնասիրության փուլում:
Որդեկորույս ծնողներին աջակցելու որոշումը գործադիրն ընդունել, 2019-ից գործող անպտղության հաղթահարման ծրագրում սահմանել է շահառուների նոր խումբ, վերացրել օժանդակ տեխնոլոգիաներով բուժծառայություններից օգտվելու սահմանափակումները: Ծրագրի այս տարվա բյուջեն 160 միլիոն դրամ է, արդեն հատկացվել է ավելի քան 50 միլիոնի փոխհատուցում: Պետությունը փոխհատուցում է ոչ միայն 44-օրյա պատերազմի, նաև 2016-ի քառօրյայի հետևանքով զոհվածների ծնողների վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի համար դոնորի ծառայությունների ծախսերը:
Դավիթ Խաչատրյան - Ունենք դիմումներ նաև փոխնակ մոր եղանակով երեխա ունենալու վերաբերյալ, սակայն դեռևս ծնողները գտնվում են այն փուլում, որ պետք է գտնեն փոխնակ մորը: Այս մասով ունեցել ենք 3 ֆինանսավորում:
Այս եղանակով փոքրիկ ունեցող յուրաքանչյուր ծնողի մասով պետության աջակցությունը 5,5 միլիոն դրամ է, իսկ դոնորական ձվաբջջի համար դոնորի ծառայությունների ծախսը՝ 600 հազար դրամ: Ծրագրի շահառու կարող են դառնալ նաև անհետ կորած զինծառայողների ընտանիքները՝ նշում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը:
Դավիթ Խաչատրյան - Ուսումնասիրել, տեսել ենք, որ նման որոշումներ, ցանկություն կա ծնողների շրջանում, և բեռը պետությունը վերցրել է իր վրա:
Խաչատրյանի խոսքով՝ Կառավարությունը պատրաստ է համալրել ֆինանսական միջոցները, եթե նախատեսվածից մեծ լինի ծրագրից օգտվել ցանկացողների թիվը, պահանջարկը: Փոխնախարարը հիշեցնում է՝ 2020-ից հետո սա Կառավարության առաջնային ծրագրերից է: