Սուրմալու առևտրի կենտրոն, օր՝ 6, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Փրկարարները մաքրելով, աշխատելով բոլոր հնարավոր հատվածներում՝ դեռևս չեն գտնում անհետ կորած քաղաքացուն: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալը նշում է, որ հաշվի են առնվում բոլոր տեղեկությունները, կարծքիները, թե որտեղ հնարավոր է եղած լինի քաղաքացին փախուստի դիմելիս, և առաջնային փորձում գնալ դրանց հետքերով:
Հովհաննես Եմիշյան (ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ) - Էս հատվածը շատ հավանական ա, մտածում ենք, որ պայթյունը եղել ա, էկել ա ապահով հատված: Ծածկեր ունեին երկաթից, մենք դրա համար մաքրել ենք, մեծ կանստրուկցիաներ ա եղել, բայց ամեն ինչ այրված ա եղել, ու մենք բացառել ենք էդ հատվածը: Հիմա նույն պահեստի շարունակությունը նաև 2-րդ հատվածն ա, հիմա աշխատանքներ ենք անում էդտեղ:
Վաղ առավոտից փրկարարները գլխավոր շենքի 2-րդ հարկում են որոնողական աշխատանքներ իրականացնում, յուրաքանչյուր շերտը մաքրելուց հետո մանրամասն ուսումնասիրում, դիտարկումներ են անում,- ասում է Եմիշյանը:
Հովհաննես Եմիշյան - Աշխատանք են անում վերևի հատվածում, կավարտենք դա, հետո կաշխատենք հետևի կողմից, հետո նախատեսում ենք նկուղային հարկում:
Եմիշյանը նշում է, որ ուսումնասիրություններ, որոնողական աշխատանքներ են արվում նաև այն հատվածներում, որտեղ նույնիսկ քիչ հավանականություն կա, որ անձը կհայտնաբերվի: Նրա խոսքով՝ կան հատվածներ, որտեղ նույնիսկ երկաթն ամբողջությամբ դեֆորմացվել է, իսկ բոլոր նյութերը՝ մոխրացել:
Հովհաննես Եմիշյան - Մենք աշխատում ենք նաև էս հատվածում. հարվածի ալիք ա եղել, նաև այս տարածքն ենք մտածում բացառենք, որ եթե հարվածից մարմինը ընկել ա մի տեղ, բացառենք:
Փայտե կոնստրուկցիաներով ամրակալման աշխատանքներից հետո փրկարարները սկսել են հերթափոխով որոնումը նաև նկուղային հարկում: