Հանրապետությունում և մայրաքաղաքում նախորդ տարվանից հեռարձակվելու իրավունք ստացած հեռուստաընկերությունները չեն եթերազրկվի, պարզաբանում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Կառույցը նիստ է հրավիրել հօգուտ Հ2-ի կայացված դատական երկու որոշումներից հետո: Դատարանը բավարարել էր հեռուստաընկերության հայցը, անվավեր ճանաչել 2021 թվականին անցկացված մայրաքաղաքային 1 և համապետական սլոթների մրցույթների արդյունքները: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը դատարանի որոշումը խնդրահարույց է որակում, նշում է՝ Հ2-ը միայն 1 սլոթ կարող է ստանալ, բայց եթերազրկման դեպքում տուժում են մրցույթում հաղթած բոլոր 5 խոշոր ընկերությունները:
Տիգրան Հակոբյան (ՀՌՀ նախագահ) - Մեկը դատարան է տալիս՝ պարտվածը, իսկ պարտություն նշանակում է, որ նաև ամենաթույլ ծրագիրն էր, և իր այդ գործողությունների արդյունքում պետք է տուժեն 5 խոշոր հեռարձակող, դա էլ ինչ-որ ձևով պետք է օրենքի մեջ կարգավորվի: Չենք ուզում սպասարկել պարտվածի օրակարգը, մենք ուզում ենք պաշտպանել ամբողջ մեդիա դաշտի անխափան գործելու իրավունքը:
Դատարանի որոշումներից հետո հանձնաժողովում ուսումնասիրել են միջազգային փորձը, արձանագրել՝ իրավիճակը բոլոր առումներով աննախադեպ ու ճգնաժամային է: Դեպքերի նման սցենարի կարգավորում չունի նաև գործող օրենսդրությունը:
Դավիթ Մարգարյան (ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ) - Հիմնական իրավական ակտերը, որով մենք առաջնորդվում ենք, առաջին հերթին «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքն է, որն ունի լիցենզիայի դադարման հստակ կետեր, որի մեջ դատական ակտով դադարում չի մտնում, ինչպես նաև լիցենզիայի մասին օրենքի 37-րդ հոդվածն ունի կետեր, որոնցով լիցենզիան դադարում է, այնտեղ ևս այս դեպքը նշված չէ, նշված է՝ այլ օրենքով նախատեսված դեպքեր, այլ օրենքով նախատեսված դեպքերն էլ հղում պետք է լինի մեր օրենքին, մեր օրենքում էլ նման դեպքեր նախատեսված չեն:
Եթե պահանջ դրվի դադարեցնել հանրապետական սլոթի մրցույթում հաղթածների հեռարձակումը, ապա եթերից կանջատվեն համապետական սփռում ունեցող 7 հեռուստաընկերությունից 5-ը՝ Շանթը, Արմենիան, Երկիր Մեդիան, Կենտրոնն ու Ա թիվին: Տիգրան Հակոբյանի խոսքով՝ այդ իրավիճակն առաջին հերթին ծանր հարված կլինի հենց այդ ընկերություններին:
Տիգրան Հակոբյան - Պարտաճանաչ մասնակցել են մրցույթին, հաղթել են, ներդրումներ են կատարել, մի քանի տարվա նախագծեր են մշակել և իրականացնում, որոնք ունեն բազմաթիվ պարտավորություններ և՛ հանրության առջև, և՛ գովազդատուների առջև, ունեն վարկային պարտավորություններ, այդ ամենը եթերազրկելով` մենք, փաստորեն, կասեցնում ենք այդ հեռուստաընկերությունների հետագա ոչ միայն կասեցումը, այլ նաև շատ հնարավոր է՝ եթեր վերադառնալը:
Հանձնաժողովի անդամ Վլադիմիր Օհանյանն էլ միանգամից 5 հեռուստաընկերության եթերազրկումը խնդիր է որակում Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության տեսանկյունից:
Վլադիմիր Օհանյան (ՀՌՀ անդամ) - Հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման մնում են երկուսը, որոնցից մեկը օտարերկրյա է և ոչ հայերեն, առանց այդ էլ՝ ցանցային օպերատորների մոտ հիմնական մասը ոչ հայերեն հաղորդումներն են, և այստեղ ոչ միայն խոցելի է դառնում ՀՀ բնակչի՝ հայկական ծրագրերի մեջ ընտրությունը, այլև ընդհանրապես հայերեն հաղորդումներն են եթերից սնանկանում կամ կամաց-կամաց անհետանում:
Դատարանի որոշման հրապարակումից հետո «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունն օգոստոսի 2-ից անջատել է Առաջինի լրատվական ալիքի՝ հանրային մուլտիպլեքսի մայրաքաղաքային սփռումը: Աննախադեպ այս որոշումն անհանգստացրել է մյուս հեռուստաընկերությունների ղեկավարներին: Տիգրան Հակոբյանն ընդգծում է՝ դատարանը անվավեր ճանաչած մրցույթում հաղթողների հեռարձակումը դադարեցնելու խնդիր չի դրել:
Տիգրան Հակոբյան - Մինչև հանձնաժողովի կողմից հանրային մուլտիպլեքսի հանրապետական և մայրաքաղաքային նոր մրցույթների արդյունքում որոշումների կայացումը, համապատասխան լիցենզիաների գործողությունը չի կարող դադարեցվել, և հանրային մուլտիպլեքսում գործող հեռարձակողները կարող են շարունակել իրենց հեռարձակումը, ինչպես նաև եթեր վերադառնալ հանրային հեռարձակողի լրատվական ծրագիրը:
Հանրապետական և մայրաքաղաքային հեռարձակման սլոթերի մրցույթներն արդեն հայտարարված են, դրանց արդյունքները կամփոփվեն մինչև տարեվերջ:
Հանրայինն արդեն հայտարարել է՝ կրկին մասնակցելու է մրցույթին: Մինչև այդ՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը օրենսդիր մարմնի հետ քննարկում է գործող օրենքում հայտնաբերված բացերը վերացնելու հնարավորությունը: