Հայաստանյան աշխատաշուկայում հունիսը ևս ռեկորդային էր՝ 681 հազար 50 եկամուտ ստացած աշխատատեղով: Նախորդ ռեկորդը մայիսին էր, որի համեմատ հունիսի ցուցանիշն աճել է ավելի քան 7800-ով: Ընդհանուր առմամբ պատկերը հետևյալն է. 2021-ի հունիսի համեմատ աճը կազմում է 5.9 տոկոս, 2020-ի համեմատ՝ 11.8, 2019-ի՝ 12.4, իսկ 2018-ի համեմատ՝ 20.9 տոկոս: Միջին ամսական աշխատավարձը՝ 251 հազար 771 դրամ, նույնպես նախորդ տարիների նույն ամսվա համեմատ ամենաբարձր ցուցանիշն է:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Վստահ եմ, որ արդեն մեծ մասամբ նոր աշխատատեղեր են, որովհետև վարչարարությունը չի կարող ամեն ամիս այդպիսի արդյունքներ տալ, չնայած վստահ եմ, որ ինչ-որ չափով նաև վարչարարության արդյունք է: Շատ կարևոր է այստեղ արձանագրենք էն, որ տնտեսական աճի 18 տոկոսի կողքին, որ մենք դնում ենք աշխատատեղերի 6 տոկոսանոց աճը, կարող ենք նաև արձանագրել, որ տնտեսությունը դառնում է ավելի արտադրողական:
Նոր աշխատատեղերը լուծում են առաջին հերթին սոցիալական խնդիր, հետո՝ նաև տնտեսական՝ հավելյալ արժեք ստեղծելով՝ կարծում է գործարար Սամսոն Գրիգորյանը:
Սամսոն Գրիգորյան (գործարար) - 18 թվականից հետո հիմնական աշխատատեղերի աճը կարելի էր կապել ստվերից դուրս գալու հետ: Հիմա էս պահի դրությամբ արդեն չէի ասի, որ էդքան ստվերից դուրս գալու հետ է կապված, քանի որ, իմ կարծիքով, արդեն մեծամասամբ էդ խնդիրը լուծվել է, իհարկե, ոչ ամբողջությամբ, բայց մեծ մասամբ: Էս պահին գումարվել է 3 գործոն՝ բնական աճը, ստվերից դուրս գալը, դրան գումարած՝ ներգնա աշխատողների ավելացումը:
Ինչ վերաբերում է միջին աշխատավարձին՝ գործարարը նշում է, բավականին շատ են ցածր աշխատավարձ ստացողները և քիչ՝ բարձր վարձատրվողները, դրա համար էլ միջինը դեռ այն մակարդակի չէ, ինչ կարող էր լինել: Իսկ Հայաստանում առկա աշխատուժն անհամեմատ ավելի մեծ է:
Սամսոն Գրիգորյան - Բնակչության 30 տոկոսն է աշխատում Հայաստանում, բայց կարող էր աշխատել 60 տոկոսը: Դուրս է գալիս՝ աշխատուժի ուղիղ կեսը չի աշխատում հիմա, գործազուրկ է: Սրա մեջ, ես կարծում եմ, մեծ մաս են կազմում արտագնա աշխատողները, որոնք էս պահին երկրում չեն, բայց իրականում գրանցված են Հայաստանում: Դե, իհարկե, ինչ-ինչ պատճառներով այն մարդիկ, որոնք չեն ցանկանում աշխատել, սոցիալական, պետական սոցիալական ծրագրերից օգտվողներն են մեծ մասը:
Նախարար Քերոբյանն ընդգծում է՝ միայն աշխատատեղերի աճը չէ տնտեսական բարձր ցուցանիշի պատճառը: Ըստ նրա՝ Կառավարությանը հաջողվել է տնտեսության արտադրողականությունն ավելացնել: Ինչ վերաբերում է աշխատաշուկայի առաջիկա միտումներին՝ նախարարը նշում է.
Վահան Քերոբյան - Մենք նորանոր ծրագրեր ենք մտցնում, որոնք միտված են լինելու տնտեսության և առանձին ընկերությունների արտադրողականությունը ավելացնելուն, և շատ շուտով դրանք Կառավարությունը կընդունվի, և դրա արդյունքում մենք ավելի կարագացնենք արտադրողականության աճին ուղղված մեր ջանքերը:
Մեր երկրի ընդհանուր աշխատավարձային ֆոնդը հունիսին կազմել է 171 մլրդ 469 մլն դրամ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան