ԳՈՒՏԵՐԵՇԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՑԱՀԱՏԻԿ ՏԵՂԱՓՈԽՈՂ ՆԱՎԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆԸ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մասնակցել է թուրքական ափերի մոտ խարսխված՝ հացահատիկ տեղափոխող նավերի ստուգման աշխատանքներին: Երեկ Օդեսայում կայացած ճեպազրույցում Գուտերեշը նշել էր, որ ՄԱԿ-ի միջնորդությամբ սննդամթերքի արտահանման գործարքից հետո դեռ շատ անելիքներ կան՝ ապահովելու ուկրաինական և ռուսական պարենի և պարարտանյութերի գլոբալ հասանելիությունը: Նրա խոսքով՝ Ուկրաինայից և Ռուսաստանից ավելի շատ սննդամթերք և պարարտանյութ արտահանելը կարևոր է համաշխարհային շուկաներում պարենի գների կարգավորման համար:
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ ԴԵՄ Է ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԳԵԼՔԻՆ
Պորտուգալիան դեմ է Եվրամիության երկրներ մուտք գործելու համար Ռուսաստանի քաղաքացիների համար վիզաների տրամադրման արգելք սահմանելուն։ Այդ մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: «Պորտուգալիան կարծում է, որ պատժամիջոցների գլխավոր թիրախը պետք է լինի ռուսական «ռազմական մեքենան», այլ ոչ թե Ռուսաստանի ժողովուրդը»,- ասել է պաշտոնյան: Բացի դրանից՝ Պորտուգալիան մտադիր է մասնակցել օգոստոսի 30-31-ը Պրահայում նախատեսված ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որի ժամանակ պետք է քննարկվեն Ռուսաստանի դեմ վիզային սահմանափակումները:
ՇՈՅԳՈՒՆ՝ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ԵՄ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման արգելք սահմանելու թեմային է անդրադարձել Ռուսաստանի պաշտպանության նախարարը: «Ռուսաստանցիների մուտքը ԵՄ արգելելու գաղափարը արտացոլում է առանձին երկրների նացիստական քաղաքականության դրսևորումները»,- նշել է Սերգեյ Շոյգուն՝ հավելելով, որ առանձին երկրներ, մասնավորապես՝ Բալթյան երկրները, ավելի են անտեսում «աշխարհակարգի հիմնարար սկզբունքները: Անդրադառնալով Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության թեմային՝ Շոյգուն նշել է, որ հատուկ գործողություն անցկացնելու որոշումը կայացվել է Ուկրաինայի իշխանությունների կողմից Ռուսաստանի անվտանգությանն ուղղված անընդունելի սպառնալիքների պատճառով։ Նախարարի խոսքով՝ Կիևը ութ տարի շարունակ կոպտագույն հանցագործություններ է կատարել Դոնբասում, ինչի արդյունքում, Շոյգուի խոսքով, զոհվել են հազարավոր անմեղ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ: «Ուկրաինան նաև որոշեց միանալ ՆԱՏՕ-ին, ինչը լուրջ սպառնալիքներ էր ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար»,- հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը։
ՄՈՍԿՎԱՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ ՌՈՒՍ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՔՍՈՐՄԱՆԸ
Մոսկվան համարժեք պատասխան կտա Ռումինիայից ռուս դիվանագետի արտաքսման և նրան պերսոնա նոն գրատա հայտարարելու որոշմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ Ռումինիան պերսոնա նոն գրատա էր հայտարարել Բուխարեստում ՌԴ դեսպանատան աշխատակիցներից մեկին՝ դիվանագետին տալով մեկ շաբաթ ժամանակ երկիրը լքելու համար: Զախարովայի խոսքով՝ որոշումը կայացվել է առանց որևէ պատճառի: «Սա նոր սադրանքի է, որն իրականացվում է հատուկ սցենարով ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից. սա միայն սրում է իրավիճակը»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: