Դարպաս գյուղից տիկին Զոյան 2020 թվականին օգտվել է Կառավարության՝ գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից։ Տնտեսությունն ընդլայնելու նպատակով սկզբում 3 մլն դրամ է վերցրել, ապա՝ ևս 5 մլն:
Զոյա Ջեյրոյան (ֆերմեր) - Երևի մի տասնըքանի հատ կով ենք ունեցել՝ 12 հատ, 13 հատ, բայց խոզ չենք ունեցել։ Էս խոզերը լրիվ վարկի ա, վարկերով ենք առել, էլի։
0 տոկոսով ստացած վարկի գումարը նպատակային են ծախսել՝ շուրջ 50 գլուխ խոզ են ձեռք բերել և տոհմային մսատու ցեղատեսակի կով։ Տիկին Զոյան ասում է՝ առանց վարկի տնտեսությունը զարգացնել չէին կարողանա։
Զոյա Ջեյրոյան - Ահագին ա օգնըմ, եթե մարդ չունենա, էսօր կարա՞ առնի, չի կարա: Օգնըմ ա, իհարկե, օգնըմ են. դա մեծ օգնություն ա ժողովրդի համար։
Մեխակ Ղարաքեշիշյանն էլ այս տարվա մայիսին է վարկ վերցրել՝ 4 մլն դրամի չափով: Նախատեսել էր 6 կով գնել, բայց գնել է 10-ը ու նաև անասնակեր։ Մինչև տարեվերջ ծրագրում է ստացած շահույթով ձեռք բերել ևս 5 գլուխ անասուն։
Մեխակ Ղարաքեշիշյան (ֆերմեր) - Վարկը միանշանակ, միանշանակ, երկրորդ կարծիք լինել չի կարող, շատ օգուտ վարկ ա, եթե դու դա ճիշտ օգտագործես, եթե դու դա այլ նպատակների չօգտագործես։ Օգտագործես զուտ քու՝ ինչ որ ներկայացրած լինես բանկին, քու պլանավորածով, իհարկե, օգտակար ա։ 5 տոկոսը ես համարըմ եմ, որ դա տոկոս չի։
2000 բնակիչ ունեցող Դարպաս համայնքում վերջին տարիներին գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից մոտ 100 ընտանիք է օգտվել։ 30 տարի անմշակ 13 հեկտար հողատարածք են վարել ու ցանել։ Նախկին գյուղապետն ասում է՝ գյուղացիներն այս տարի գյուղաջակցության մյուս ծրագրերից էլ են օգտվում:
Լոռու մարզում 2022-ի առաջին կիսամյակում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվել է շուրջ 260 գյուղտնտեսություն։ Ընդհանուր գումարը կազմել է 335 մլն դրամ։
Արտյոմ Շահվերդյան (Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ) - Վարկերը արդյունավետ են, այցեր ունեցել ենք մարզի տարբեր բնակավայրեր։ «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, ուրեմն, գործում է 2017 թվականի 3-րդ եռամսյակից։ Վարկերը տրամադրվում են 14 տոկոս տոկոսադրույքով, որից 9 տոկոսային կետը սուբսիդավորում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, այսինքն՝ փաստացի գյուղտնտեսությունը օգտվում է 5 տոկոս տոկոսադրույքից։
Ըստ գյուղատնտեսության բաժնի պետի՝ տրամադրվող վարկերը տնտեսվարողները հիմնականում ներդնում են անասնաբուծության և բուսաբուծության ոլորտներում:
Արտյոմ Շահվերդյան - Պետք է հիշեցնեմ մեր գյուղացիական տնտեսություններին, որ նշված ծրագիրը գործելու է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։ Դրա համար հորորդում եմ մեր տնտեսություններին, որ ավելի ակտիվ լինեն, օգտվեն ընձռնված հնարավորությունից և իրենց տնտեսություններում ներդրում կատարեն։
Գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրով տրամադրվում է 3-15 մլն դրամի վարկ՝ մինչև 3 տարի մարման ժամկետով։
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան