Հերթական ապօրինի ծառահատումն այս անգամ «Դիլիջան» ազգային պարկում, այն էլ՝ անտառապահի կողմից: Դեպքը բացահայտել են Լոռու մարզային ոստիկանները, 40-ամյա անտառապահին ձերբակալել, մեքենայով հանդերձ տեղափոխել ոստիկանություն:
Միայն այս տարի, հուլիսի 31-ի տվյալով, ապօրինի ծառահատման 145 ակտ է կազմվել, որից 35-ը փոխանցվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, 110-ը՝ ոստիկանություն՝ հաշվի առնելով, որ այդ դեպքերով անտառահատը բացահայտված չէ: Խորանարդ մետրով հաշված՝ ապօրինի անտառհատման դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են 38 տոկոսով, ևս 56 տոկոսով էլ՝ կտրված ծառերի քանակով: Ծառահատումների դեմ պայքարն արդյունավետ կազմակերպելու համար անտառային կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Անտառային ծառայության» մասին նոր օրենքը:
Վլադիմիր Կիրակոսյան (ՇՄՆ անտառային կոմիտեի նախագահ) - Անտառային ծառայությունը հենց զուտ անտառների պահպանության հետ կապված է, լինելու է 24/7 ռեժիմով, հիմիկվա փոխարեն, որ մինչև երեկոյան 18:00-ն է իրականացվում պահպանությունը: Եվ կոնկրետ մեզ համար շատ կարևոր է, որ ոչ թե հատված ծառը մենք կամ ոստիկանության աշխատողները բացահայտեն, այլ մեզ համար շատ կարևոր է, որ չթողնենք մտնեն անտառ՝ ծառը հատելու:
Նոր փոփոխություններով՝ անտառտնտեսությունները նաև կհամալրվեն տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ դրոններով, տեսախցիկներով: Ավելի շատ անտառահատումներ լինում են Տավուշի մարզի Իջևանի անտառտնտեսությունում: Վլադիմիր Կիրակոսյանը հիշեցնում է՝ վաճառքի վառելափայտ «Հայանտառի» պահեստներում կա, որը հնարավոր է ավելի մատչելի գնել: Պետությունը նաև անվճար փափուկ վառելափայտ է հատկացնում անտառամերձ տարածքների բնակիչներին, սոցիալապես անապահով ընտանիքներին:
Վլադիմիր Կիրակոսյան - Նախորդ տարի նախատեսված է եղել 60 000 խ. մ, պահանջը շատացել է, մենք հատկացրել ենք 74 000 խ. մ փափուկ վառելափայտ մեր բնակիչներին: Այս տարի ունենք 60 000 խ. մ-ի հայտ, բայց կարծում եմ, որ որոշակի տեղեր խնդիր կունենանք, որովհետև տարեցտարի պարբերաբար քչանում է փափուկը, մենք պետք է դա էլ վերահսկենք, որպեսզի փափուկն իսպառ չվերանա:
Որ մարդիկ, սոցիալական պայմաններից դրդված, ծառ չգողանան ու արժանապատիվ աշխատանք ունենան, «Հայանտառը» Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում նախատեսում է պահածոների գործարաններ կառուցել: Տեղի բնակիչները կկարողանան վայրի բնության բարիքները՝ հատապտուղներ, մրգեր հավաքել, նաև գործարաններում աշխատել:
Վլադիմիր Կիրակոսյան - Որտեղ որ ապօրինի հատումները բավականին շատ են, մենք պետք է խթան հանդիսանանք մեկ այլ աշխատանք ստեղծելով, այսինքն՝ մենք հիմա նախատեսում ենք, որ Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում (մեր ուսումնասիրությունները դեռ ավարտված չեն, բայց այն մարզերում, որտեղ ունենք վայրի պտղատու ծառեր) պետք է բերք հավաքագրվի, և մենք պետք է ունենանք բերքի մթերման կենտրոն, նաև պետք է ունենանք պահածոների երկու փոքր գործարան:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Կառավարության և եվրոպական ներդրումային ծրագրերով: Նախնական հաշվարկներով նախատեսվում է մոտ 1000 աշխատատեղի ստեղծում: