Զոդող վարպետները նորից Կորեայի ձորում են։ Այս հատվածը Երևանը սնուցող Արզնի-2 մայր ջրատարի ամենառիսկային տեղանքն է, որտեղ խողովակն ամենաշատն է ճաքեր տալիս, վնասվում։
Արսեն Բուդաղյան («Վեոլիա ջուր» ընկերության տեխնիկական տնօրինության ընթացիկ շինաշխատանքների բաժնի պետ) - Սողանքների պատճառով ջրագիծը գտնվում է սեղմման տակ, ինչի հետևանքով էլ առաջանում են վթարներ:
Այս տարի, երբ խողովակը չորրորդ անգամ շարքից դուրս եկավ՝ անջուր թողնելով Արաբկիրի բնակչությանը, քննադատության թիրախում հայտնված «Վեոլիայում», պարզվում է, որոշել են․ չեն ուզում մնալ անմեղ մեղավորի կարգավիճակում։ Քանի որ սողանքի, թափվող քարքարոտ հողահոսքերի ճանապարհը փակել հնարավոր չէ, խնդրի միակ լուծումը մնում է խողովակաշարի դիրքը փոխելը՝ այն ավելի վերևներում՝ Հրազդանի ձախ ափից գետի վրայով դեպի անվտանգ աջ կողմն անցկացնելը, ինչպես նախորդ հանգույցներում է։
Արսեն Բուդաղյան - Կառուցվող ջրագիծը լինելու ա նույնը, ինչ երևում ա էն հատվածում, մոտ 2 մ բարձրությամբ անցնելու ա գետը և հողի վրա կես մետր բարձրությունով շարունակվի մինչև վերջ:
Մեկ շաբաթ է, ինչ աշխատանքները սկսվել են, կձգվեն մոտ ամիս։ Խողովակաշարի փոխվող հատվածի երկարությունն ընդամենը 220 մետր է, բայց քանի որ այն պետք է ճնշման տակ վեր բարձրանա-իջնի, թեքվի, նոր ուղղվի, եռակցման հիմնական աշխատանքները նախապես են արվում։
Արայիկ Մատինյան («Վեոլիա ջուր» ընկերության աշխատակից) - Սա խողովակների անկյուններն ա 90 աստիճան, որ էնդեղից պիտի մակարդակը բարձրացնենք, տեղափոխենք էս մյուս ափ:
Սողանքը, ի դեպ, տարածքում բավական ակտիվ է․ գրունտն այս ընթացքում այնքան է տեղափոխվել, խողովակի ռիսկային հատվածին մոտենալու համար «Վեոլիան» ստիպված է եղել նոր ճանապարհ բացել։ Մյուս կողմից՝ ժայռն է իջել ու Հրազդանի հունը ներքևում նեղացրել, ինչի պատճառով գետը վերևում լճացել, մակարդակը բարձրացրել է՝ նախկինում օդով անցնող խողովակը ջրի մեջ մտցրել։ Դա էլ պետք է մաքրեն, որ կարողանան աշխատել՝ ասում է ընկերության «Երևան» շահագործման տնօրենը։
Մխիթար Գալստյան («Վեոլիա ջուր» ընկերության «Երևան» շահագործման տնօրեն) - Աշխատանքներն իրականացվում են մեր ընկերության կողմից, ֆինանսավորվում են մեր ընկերության կողմից և արժենում են մոտ 35 մլն դրամ:
Գալստյանը հույս ունի՝ ջրատարի շրջանցիկ հատվածի շնորհիվ ձորի սողանքներն այլևս չեն վնասի Արզնիի ջրատարը։ Փոխվող կտորի վերջնական միացումը մայր խողովակաշարին նախատեսված է սեպտեմբերի վերջերին։