ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ ԿԱՄՈՒՐՋԸ
Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետում կառուցված նոր կամուրջը պատրաստ է։ Երկու երկրներն իրար կապող Բարեկամություն կամրջի շինարարությունը տևեց 1 տարի, 48 օր։ Նոր կամուրջն անցնում է Դեբեդ գետի վրայով, ունի 8.36 մ լայնություն և 160 մ երկարություն։ Ունի չորս երթևեկելի գոտի` նախատեսված և՛ մարդատար, և՛ բեռնատար մեքենաների համար։
Հայ-վրացական սահմանային անցակետում Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին հանդես եկան հայտարարություններով, նշեցին` այս կամուրջը հայ- վրացական դարավոր բարեկամությունը հավաստող կառույց է։
ԿԱՄՈՒՐՋԸ ԿՆՊԱՍՏԻ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ. ՓԱՇԻՆՅԱՆ
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մեր երկկողմ համագործակցության տրանսպորտային ոլորտի առաջնահերթությունն ու տրանսպորտային միջազգային մի շարք կառույցներում փոխգործակցությունը մեզ հնարավորություն են ընձեռում իրատեսական քայլեր ձեռնարկել ոչ միայն Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի, այլ նաև տրանսպորտի ոլորտի հանգուցային կապ ապահովող այլ նախաձեռնությունների համար։ Լիահույս եմ, որ առավել ակտիվ աշխատանքների իրականացման և ձեռք բերված պայմանավորվածությունների համադրման ու կյանքի կոչման ճանապարհով արդեն իսկ հետաքրքրություն ցուցաբերած և այլ շահագրգիռ կողմերի ներգրավումը կնպաստի տարածաշրջանային հեռանկարային համագործակցությանը։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի և Վրաստանի միջև կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացվում թե՛ ցամաքային, թե՛ օդային ուղիներով: Ինչ վերաբերում է բեռնափոխադրումներին, անհրաժեշտ է հավելյալ ջանքեր գործադրել և համատեղ շարունակական աշխատանքներ իրականացնել դրանց առավել դյուրին շարժն ապահովելու համար։ Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել նաև երկաթուղային տրանսպորտային համագործակցության և մուլտիմոդալ, մասնավորապես՝ լաստանավային փոխադրումների ընդլայնման կարևորությունը
ՆՈՐ ԿԱՄՈՒՐՋԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ. ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ
Վրաստանի վարչապետը նկատեց` նոր կամուրջը ռազմավարական նշանակություն ունի Արևելք-արևմուտք ուղին կապելու տեսանկյունից։ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ այն լավագույններից է տարածաշրջանում, կարող է առևտրային և տնտեսական հարաբերությունների հզորացման երաշխիք դառնալ։
Իրակլի Ղարիբաշվիլի (Վրաստանի վարչապետ) - Մեր հարաբերությունները ոչ միայն եղբայրության, ընկերության օրինակ են, այլ նախապայման՝ ողջ տարածաշրջանի բարեկեցության, կայունության, անվտանգության և զարգացման համար։ Բարեկամություն կամուրջը, որը միասին ենք կառուցել, մեր համագործակցության և բարեկամության հաջողությունն է մարմնավորում։ Երկու պետությունների տարածքում գտնվող համատեղ կառուցված, ժամանակակից չափորոշիչներով և չափանիշներով 160 մ երկարությամբ քառաշերտ կամուրջը տարածաշրջանում հազվագյուտ նախագիծ է, նրա գործարկմամբ տրանսպորտի թողունակությունը կրկնապատկվում է սահմանին, բարելավվում է անվտանգության որակը ինչպես երկու երկրների քաղաքացիների, հյուրերի, այնպես էլ տարանցիկ ավտոտրանսպորտի համար։
Միջազգային ստանդարտներին համապատասխանող կամուրջը կառուցել է իրանական «Թունել սադ Արիանա» ընկերությունը։ Ընկերության գլխավոր տնօրենի խոսքով՝ աննախադեպ արդյունք են ունեցել` մեկ տարում կառուցելով այս կամուրջը, որի շինարարությունը հեշտ չի անցել։ Ամուր հիմք գցելու համար որոշ տեղերում ստիպված են եղել 40 մետր փորել:
Ալի Մուսավի Ռահիմի («Թունել սադ Արիանա» ընկերության գլխավոր տնօրեն) - Երկու երկրների սահմանային հատվածում աշխատելը բավականին բարդ էր, մարդուժ ու տեխնիկա այստեղ հասցնելը հեշտ գործ չէր: Երկու կողմերն էլ մեզ աջակցել են բյուրոկրատական խնդիրներից խուսափելու համար: Սերտ գործակցության լավագույն օրինակ է նաև այն, որ քովիդի և պատերազմի ժամանակաշրջանում անգամ կարողացանք ժամկետներում աշխատանքն ավարտել:
Բարեկամություն կամրջի կառուցման համար անհրաժեշտ 9,1 մլն եվրոյից 7,3 միլիոնը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցներն են, 1,8 միլիոնը հատկացրել են Հայաստանի և Վրաստանի կառավարությունները։ Կամրջի տեխնիկական վերահսկողությունն իրականացրել են կորեացի մասնագետները։
Յանգ Վի Լի (տեխնիկական հսկողության թիմի ղեկավար) - Մենք ամբողջ ընթացքում հետևել ենք շինարարությանը, որպեսզի կառուցապատողն ապահովի նախագծով սահմանված բոլոր նորմերը։ Շինհրապարակում առաջ եկած բոլոր խնդիրները համատեղ ուժերով լուծել ենք։ Արդյունքում՝ շինարարությունն ավարտվել է նախատեսված ժամկետում։ Որակը երաշխավորում ենք:
Իզաբելլա Մուրադյան (Բագրատաշենի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար) - Կամուրջը համապատասխանում է չափորոշիչներին, նաև 2 տարի ունենք թերությունները շտկելու համար: Շուրջ չորս անգամ թողունակությունը կմեծացնի՝ յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ:
Կորեացի մասնագետները վստահեցնում են՝ Բարեկամության կամուրջն առաջիկա 50 տարում անխափան և առանց նորոգման անհրաժեշտության կծառայի: Հարևանությամբ հին կամուրջն էլ մասնակի նորոգվել է։ Այն կօգտագործվի խցանումների դեպքում՝ որպես այլընտրանքային ճանապարհ։