Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանության համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջի հիման վրա սույն թվականի օգոստոսի 19-ին ՄԻԵԴ-ը վերահաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված և նույն թվականի նոյեմբերի 3-ին առավել ընդլայնած միջանկյալ միջոցը՝ նշելով, որ այն շարունակում է ուժի մեջ մնալ: Այդ մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից:
ՄԻԵԴ-ը կողմերին հրավիրել է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտմանը, այդ թվում նրանց՝ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքները վտանգի տակ դնելուց:
ՄԻԵԴ-ը նաև արձանագրել է, որ ՀՀ կառավարության վկայակոչած իրադարձությունների, այն է՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ իրականացվող զինված հարձակումներ, Բերձոր և Աղավնո համայնքների բնակչության տեղահանման սպառնալիքներ, նկատմամբ կիրառելի է 2020 թվականի սեպտեմբերի 29-ի կայացված և մինչ օրս ուժի մեջ գտնվող որոշումը: