ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են վարութային և քննչական անհրաժեշտ գործողություններ՝ Էջմիածին քաղաքի երկու բնակչի հրազենային վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Վաղարշապատի բժշկական կենտրոնից 2022 թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 23:25-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա երկու երիտասարդ` հրազենային վնասվածքներով, որոնցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է հիվանդանոցում:
Ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցում հայտնաբերվել է մահացած երիտասարդին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենան՝ բախված ճամփեզրին կայանված ավտոմեքենաներին:
Կատարված զննությամբ հիշյալ ավտոմեքենայում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ ավտոմեքենայի վրա՝ մեկ տասնյակից ավելի հրազենային վնասվածքներ:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Mercedes մակնիշի ավտոմեքենայի վրա առկա հրազենային վնասվածքները հետևանք են Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում արձակված կրակահերթի:
Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են նմուշառումներ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: