ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Պետությունների ղեկավարները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, ընդգծել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը հնարավորինս շուտ Զապորոժիեի ատոմակայան ուղարկելու կարևորությունը։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ուկրաինացի զինվորականների կողմից ատոմակայանի տարածքի գնդակոծումը աղետի լուրջ վտանգ է ստեղծում։ Պուտինը Մակրոնի տեղեկացրել է հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրված պարենային գործարքի կատարման ընթացքի մանրամասները: Կրեմլի առաջնորդը նշել է, որ ռուսական կողմի արտահանումների համար դեռ կան խոչընդոտներ, ինչը չի նպաստում համաշխարհային պարենային անվտանգության ապահովման հետ կապված խնդիրների լուծմանը։
ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՍՈՉԻՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Ռուսաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունները համատեղ զորավարժություններ են նախապատրաստում ՀԱՊԿ-ի շրջանակներում, հայտարարել է Պուտինը: Նա հավելել է նաև, որ այս տարի լրանում է Ռուսաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչի կապակցությամբ նախատեսվում են մի շարք միջոցառումներ։ Ղազախստանի նախագահը Պուտինին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերին կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին:
ՄԱԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՕԴԵՍԱ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն այցելել է Ուկրաինայի Օդեսա նավահանգիստ. նրան են միացել երկրի ենթակառուցվածքների նախարարն ու Օդեսայի քաղաքապետը: Գուտերեշը նշել է, որ ՄԱԿ-ի միջնորդությամբ սննդամթերքի արտահանման գործարքից հետո դեռ շատ անելիքներ կան՝ ապահովելու ուկրաինական և ռուսական պարենի և պարարտանյութերի գլոբալ հասանելիությունը: Նրա խոսքով՝ Ուկրաինայից և Ռուսաստանից ավելի շատ սննդամթերք և պարարտանյութ արտահանելը կարևոր է համաշխարհային շուկաներում պարենի գների կարգավորման համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև նախազգուշացրել է, որ եթե 2022-ն անցնի առանց պարարտանյութի, հաջորդ տարի աշխարհի բոլոր երկրները կմնան առանց սննդի:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՃԱՆԱՉԻ ԻՆՔՆԱՀՌՉԱԿ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԸ
Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարը թուրքական լրատվամիջոցներին մանրամասներ է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից: Նա նշել է, որ այդ հանդիպումն առաջին հերթին աշխարհին ուղղված քաղաքական ուղերձ էր: Լրագրողի հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը կարող է ճանաչել ինքնահռչակ հանրապետությունը, Թաթարը պատասխանել է. «Ճանաչումը որոշ ժամանակ անց կարող է լինել»,- ավելացնելով, որ իրենց «հանրապետության» իրողությունը արդեն ամբողջ աշխարհում սկսում են տեսնել: Նա նշել է, որ առաջիկայում ինքը կարող է այցելել Ադրբեջան և այդ մասին խոսել է Ալիևի հետ:
Թաթարը ևս մեկ անգամ կրկնել է, որ հետայսու իրենք չեն քննարկելու Կիպրոսի խնդիրը դաշնություն հիմնելու ճանապարհով լուծելու տարբերակը: Նա ընդգծել է, որ իրենք պնդում են 2 առանձին պետության ճանապարհով հարցը լուծելու տարբերակը՝ մանավանդ, որ այդ մոտեցմանն է հակված նաև «երաշխավոր» պետություն հանդիսացող Թուրքիան: