Երեկ Ուկրաինայի Լվով քաղաքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը տևել է 40 րոպե: Եռակողմ հանդիպման ընթացքում համաձայնեցվել են Զապորոժիեի ԱԷԿ-ում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հնարավոր առաքելության չափանիշները: Հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել շտապ համաձայնության հասնել Զապորոժիեի ատոմակայանի քաղաքացիական կարգավիճակի վերականգնման և տվյալ գոտու անվտանգության ապահովման վերաբերյալ:
Անտոնիու Գուտերեշ (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար) - Օբյեկտը չպետք է օգտագործվի որևէ ռազմական գործողության շրջանակներում: Պետք է խուսափել ցանկացած գործողություններից, որը կարող է վտանգել ատոմակայանի անվտանգությունը: Զապորոժիեի տարածքում տեղակայված ռազմական տեխնիկան և անձնակազմը պետք է դուրս բերվեն այնտեղից: Տարածքը պետք է ապառազմականացվի:
Մոսկվան ավելի վաղ մերժել էր իր վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու մասին միջազգային կոչերը՝ դրանք որակելով «անընդունելի»։ Ռուսական կողմի կարծիքով՝ նման քայլն «ատոմակայանն էլ ավելի խոցելի կդարձնի»։
Միջուկային օբյեկտի ապառազմականացումն այլընտրանք չունի՝ նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկին շեշտել է, որ Ռուսաստանը պետք է անհապաղ, առանց որևէ նախապայմանի իր զորքերը դուրս բերի Զապորոժիեի տարածքից:
Վոլոդիմիր Զելենսկի (Ուկրաինայի նախագահ) - Մոսկվան պետք է դադարեցնի ցանկացած տեսակի սադրանք և պետք է վերջ տա հրետակոծություններին: Անընդունելի է, որ Ռուսաստանն ամբողջ աշխարհին կանգնեցրել է համաշխարհային մասշտաբի միջուկային աղետի շեմին: Մենք պայմանավորվել ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հնարավոր առաքելության շուրջ:
Միջուկային աղետի վտանգի մասին է համատեղ ասուլիսի ընթացքում խոսել նաև Թուրքիայի առաջնորդը: Աշխարհը չի ցանկանում «ևս մեկ Չեռնոբիլ»՝ հայտարարել է էրդողանը՝ նախազգուշացնելով, որ Զապորոժիեի ատոմակայանում միջուկային վթարի հավանականություն կա, եթե հակամարտությունը շարունակվի:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել էր, որ Կիևի ռեժիմը սադրանք է նախապատրաստում ատոմակայանում՝ Ռուսաստանին տեխնածին աղետի համար մեղադրելու նպատակով. սադրանքը, ռուսական կողմի, կարծիքով համընկնում է Գուտերեշի այցի հետ։
ԱՆԴՐԱԴԱՐՁ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻՆ
Ատոմակայանի անվտանգության խնդրից բացի, Գուտերեշ-Զելենսկի-Էրդողան հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հացահատիկային գործարքի իրականացման ընթացքին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ ուկրաինական նավահանգիստներից մեկ ամսից քիչ ժամանակահատվածում 21 նավ է դուրս եկել բաց ծով, 15 նավ էլ Ստամբուլից մեկնել է Ուկրաինա՝ հացահատիկով և այլ պարենային ապրանքներով բեռնվելու համար:
Անտոնիու Գուտերեշ - Ուկրաինայից և Ռուսաստանից ավելի մեծ քանակությամբ սննդամթերքի և պարարտանյութերի արտահանումը կարևոր է համաշխարհային տնտեսության և գների իջեցման համար: Կարևոր է օգնություն տրամադրել ամենախոցելի խմբերի մարդկանց և աղքատ երկրներին: Մատակարարման շղթաները դեռ խաթարված են. էներգիայի և տրանսպորտային ծախսերն աշխարհում անթույլատրելի բարձր են:
Համաշխարհային պարենային ճգնաժամից աշխարհին կօգնի դուրս գալ Ուկրաինան՝ Վոլոդիմիր Զելենսկին կրկին պատրաստակամություն է հայտնել դառնալ պարենային անվտանգության երաշխավոր:
Վոլոդիմիր Զելենսկի - Շնորհակալ եմ ձեզ, որ օգնել եք լուծել գյուղատնտեսական գլոբալ ճգնաժամը: Մենք քննարկել ենք հացահատիկի հետ կապված նախաձեռնության հետագա զարգացման հնարավորությունը, դրա ընդլայնումը: Այս պահին նավերի թվի ավելացման անհրաժեշտություն կա: Ուկրաինան կդառնա համաշխարհային պարենային անվտանգության երաշխավոր:
ՌԴ-Ն ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԲԵՐԻ ԶՈՐՔԵՐԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՏԱՐԱԾՔԻՑ. ԶԵԼԵՆՍԿԻ
Եռակողմ հանդիպման արդյունքներով համատեղ ասուլիսի ժամանակ Զելենսկին և Գուտերեշը հայտարարել են նաև հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների անհրաժեշտության մասին։ Ռուսաստանի հետ բանակցությունները հնարավոր են միայն այն բանից հետո, երբ ռուսական զորքերը դուրս գան օկուպացված տարածքներից՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Վոլոդիմիր Զելենսկի - Չկա այլևս վստահություն Ռուսաստանի նկատմամբ։ Զարմանում եմ՝ լսելով, թե, իբր, Մոսկվան պատրաստ է խաղաղության: Դրա համար, իմ կարծիքով, նախևառաջ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը մեր տարածքից:
Լվովի եռակողմ հանդիպման արդյունքները Անկարան կքննարկի Մոսկվայի հետ՝ վստահեցրել է Թուրքիայի նախագահը՝ մանրամասնելով, որ առաջիկայում տեղեկատվությունը կփոխանցի Վլադիմիր Պուտինին: Ռեջեփ Էրդողանը հայտնել է նաև, որ եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմագերիների փոխանակման հարցը։
Ռեջեփ Թայիփ Էրդողան (Թուրքիայի նախագահ) - Եռակողմ հանդիպման առանցքը եղել է հակամարտության ավարտի հնարավոր ուղիների քննարկումը: Գերիների փոխանակման հարցն ու դրա հետ կապված բոլոր մանրամասները ես դեռ կքննարկեմ Վլադիմիր Պուտինի հետ: Եվս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել, որ Անկարան կանգնած է Ուկրաինայի կողքին։
Ուկրաինական կողմի հետ բանակցությունները մնում են զրոյական մակարդակում՝ եռակողմ հանդիպումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը: «Հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները զրոյից այն կողմ չեն անցել»,- նշել է Սերգեյ Շոյգուն՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը և արևմտյան երկրները Կիևի վարչակարգին ստիպելու փոխարեն դադարեցնել ցեղասպանությունը երկրի հարավ-արևելքի բնակչության դեմ, սկսեցին զենք ու զինամթերք ուղարկել Ուկրաինային՝ այդկերպ տրամադրելով Ուկրաինային հակամարտությունը լուծել ուժի օգնությամբ:
Եռակողմ հանդիպումից բացի շուրջ երկու ժամ երկկողմ բանակցություններ են անցկացրել նաև Զելենսկին և Էրդողանը, որը Լվով էր ժամանել բավական ներկայացուցչական պատվիրակությամբ: Թուրքիայի նախագահին ուղեկցում էին հինգ նախարար, հետախուզության ղեկավարը, ինչպես նաև Bayraktar ընկերության գլխավոր տնօրեն Հալյուք Բայրաքթարը։ Բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են նաև փոխըմբռնման հուշագիր՝ Ուկրաինայի ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ։ Երկկողմ գործակցության շրջանակում թուրքական կողմը պատրաստվում է վերականգնել Զապորոժիեի և Կրեմենչուգի կամուրջները, որոնք ուկրաինական կողմի գնահատմամբ՝ երկկողմ գործակցության զարգացման մեգանախագծեր են: