ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՃԱՆԱՉԻ ԻՆՔՆԱՀՌՉԱԿ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԸ
Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարը թուրքական լրատվամիջոցներին մանրամասներ է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից: Նա նշել է, որ այդ հանդիպումն առաջին հերթին աշխարհին ուղղված քաղաքական ուղերձ էր: Լրագրողի հարցին, թե արդյոք Ադրբեջանը կարո՞ղ է ճանաչել ինքնահռչակ հանրապետությունը, Թաթարը պատասխանել է. «Ճանաչումը որոշ ժամանակ անց կարող է լինել»,- ավելացնելով, որ իրենց «հանրապետության» իրողությունը արդեն ամբողջ աշխարհում սկսում են տեսնել: Նա նշել է, որ առաջիկայում ինքը կարող է այցելել Ադրբեջան և այդ մասին խոսել է Ալիևի հետ:
Թաթարը ևս մեկ անգամ կրկնել է, որ հետայսու իրենք չեն քննարկելու Կիպրոսի խնդիրը դաշնություն հիմնելու ճանապարհով լուծելու տարբերակը: Նա ընդգծել է, որ իրենք պնդում են երկու առանձին պետության ճանապարհով հարցը լուծելու տարբերակը, մանավանդ որ այդ մոտեցմանն է հակված նաև «երաշխավոր» պետություն հանդիսացող Թուրքիան:
ՌԴ ԵՎ ՉԺՀ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ G20 ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ
Ինդոնեզիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Սի Ծինփինը ծրագրում են մասնակցել Բալիում նախատեսված G20 գագաթնաժողովին։ G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա Բալիում նոյեմբերի 15-16-ը։ Մի շարք արևմտյան երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Կանադան, առաջարկել էին Ռուսաստանին բացառել G20-ից։ Սակայն գագաթնաժողովին մասնակցող մյուս երկրները չեն աջակցել այդ նախաձեռնությանը։ Ավելի վաղ Ռուսաստանում Ինդոնեզիայի դեսպան Խոսե Տավարեսը վստահեցրել էր, որ իր երկրի իշխանությունը G20-ի գագաթնաժողովում ապահովելու է Պուտինի լիարժեք անվտանգությունն ու հուսալի պաշտպանությունը։ Դեսպանը հայտարարել է նաև, որ Ջակարտան պատրաստ է գագաթնաժողովի շրջանակում կազմակերպելու Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը:
ԻՐԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆՎԵՆ. ԱԲԴՈԼԼԱՀԻԱՆ
2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման վերաբերյալ վերջնական համաձայնագրին հնարավոր է հասնել, եթե Իրանին երաշխիքներ տրվեն, որ իր տնտեսական շահերը հաշվի կառնվեն ծրագրի շրջանակում՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարը: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նշել է՝ Իրանն իր տեսակետները Եվրամիության ներկայացուցչի միջոցով փոխանցել է մյուս կողմերին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին, և սպասում է պատասխանի: «Մենք պետք է համոզվենք, որ մեր բոլոր կարմիր գծերը հաշվի են առնվել, և մենք կարող ենք լիարժեք տնտեսական օգուտներ քաղել մեր առջև դրված համաձայնագրից: Եթե հասնենք այս կետին, ապա կարող են քննարկվել այլ հարցեր»,- ասել է Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարը:
ԿԱՅԱՑԵԼ Է ԷՐԴՈՂԱՆ-ՀԵՐՑՈԳ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ առաջիկա անելիքները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր: Էրդողանը նշել է, որ փոխադարձաբար դեսպաններ նշանակելու որոշումը համարում է կարևոր քայլ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների դրական զարգացման ուղղությամբ։ Նշելով, որ դեսպանների նշանակմամբ հարաբերությունները նոր թափ կստանան, Թուրքիայի նախագահը հայտնել է, որ իրենք կողմ են փոխադարձ հարգանքի հիման վրա համագործակցության և երկխոսության զարգացմանը։