Կապիտան Հարությունյանի մասնագիտական ամենածանր կանչը կիրակի 13.23-ին էր: Ահազագից 7 րոպե անց առաջին հրշեջ-փրկարարների հետ «Սուրմալու» առևտրի կենտրոնում էին:
Կառլեն Հարությունյան (ԱԻՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկի ղեկավար) - Սա մեր մարտական հաշվարկի տեխնիկան ա, դեպքի օրն էլ աշխատել ա անթերի:
Թիվ 3 կանչով կիրակի դեպքի վայր է հասել 32 մարտական հաշվարկ, իրականացրել հրդեհաշիջման, այնուհետև՝ որոնողափրկարարական աշխատանքներ: Հերթափոխով աշխատել են 32 ավտոբաք, 9 փրկարարական և 13 օժանդակ տեխնիկա, անօդաչու թռչող 1 սարք, 6 ավտոսանդուղք: Մեկ մարտական հաշվարկ դեպքից 5 օր անց դեռ հովացման աշխատանքներ է իրականացնում:
Հովհաննես Եմիշյան (ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ) - Մի քանի նպատակով ենք օգտագործում այս ավտոսանդուղքը, ինքը Ջայկայի հետ ծրագրով ենք ստացել, ունենք երկու հատ, օգտագործվում ա Երևանում, 30 մետր բարձրություն ունի, կարողանում ա նաև վերևից ջուր տալ: Բացի այդ, այս տեխնիկան օգտագործվում է նաև բարձրահարկերից տարհանման համար, այս անգամ դա պետք չեղավ:
Կիրակիից հինգշաբթի օգտագործվել է ավելի քան 50 միավոր փրկարարական, հատուկ և օժանդակ տեխնիկա: Աշխատանքներին մասնակցել է 935 փրկարար ոչ միայն Երևանից, այլև՝ Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի ջոկատներից: Աղետների, մեծ փլուզումների ժամանակ, ըստ ԱԻՆ-ի պլանի, օգտագործվել են նաև պետական այլ կառույցների տեխնիկական միջոցները:
Արտյուշ Գրիգորյան (ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ) - Տրամադրելով վերամբարձ կռունկներ, բեռնատար մեքենաներ, այլ տեսակի չանչով կռունկներ՝ այդ իմաստով բավական օգնություն ենք ստացել նաև հայ-ռուսական կենտրոնից, ապահովել են դրոններ, լուսարձակներ:
88-ի Սպիտակի աղետից հետո «Սուրմալուի» դեպքը, փոխնախարարի գնահատմամբ՝ աննախադեպ էր՝ փլուզման ծավալով, ուժգնությամբ, մարդկային կորուստներով: Արտակարգ իրավիճակների նախարարությունը արձանագրում է՝ սեփական տեխնիկական միջոցներով, փրկարար ծառայողներով կարողացել է կատարել առաքելությունը:
Հովհաննես Եմիշյան - Բացի այս տեխնիկան, մենք ունեցել ենք նաև հատուկ փրկարարական տեխնիկա, որի միջոցով իրականացրել ենք պանելների բարձրացում, տեղափոխում:
Ոլորտի պատասխանատուները հավաստիացնում են՝ տեխնիկայի, ռեսուրսների պակաս չեն զգացել, առաջիկայում էլ տեխնիկական նոր համալրումներ են սպասվում: Կառավարությունը մեկ ամիս առաջ 1 մլրդ 200 միլիոն դրամ է հատկացրել նախարարությանը ոչ միայն շենքային, այլև տեխնիկական պարկը թարմացնելու համար:
Արտյուշ Գրիգորյան - Մտադիր ենք համալրելու ամենագնաց հրշեջ մեքենաներ՝ անտառային, լեռնային գոտիներում աշխատելու համար: Մենք որոնողափրկարարական աշխատանքներից հետո կգնահատենք՝ հասկանալու համար՝ լրացուցիչ ինչ տեխնիկա է անհրաժեշտ:
Նախատեսված է ձեռք բերել նաև 6 տոննա ջրի տարողությամբ ավտոբաքեր, փրկարարական գույքով արագ արձագանքման ավտոմեքենաներ: Այսպիսով կթարմացվի հրշեջ-փրկարարական ջոկատների ավտոպարկի 12,1, արագ արձագանքման ավտոմեքենաների ավտոպարկի 20,7%-ը: Փոխնախարարի գնահատմամբ՝ արտակարգ իրավիճակների նախարարության բարեփոխումների ծրագրով նախատեսվում է ոչ միայն աղետների հետևանքների վերացում, այլև աղետների ռիսկերի գնահատում ու կանխարգելում: