«Սուրմալուի» աղետալի դեպքի առնչությամբ իրականացվում է իրավական լայնածավալ քննություն: Մինչդատական վարույթի, օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազական խմբի ղեկավար Ծովակ Մնացականյանի խոսքով՝ տուժող է ճանաչվել 63 անձ, որոնց հետ կապված դատավարական գործողությունները կատարվել են: Հարցաքննվել է ավելի քան 60 քաղաքացի: Մասնագիտական խումբը կատարել է տեղանքի ուսումնասիրություն:
Ծովակ Մնացականյան (Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ) - Քննչական խմբի մի խումբ քննիչներ անմիջապես, նույն վայրկյանին քննչական մարմիններ ներկայանալու ծանուցագրեր էին բաժանում տեղանքում արդեն իսկ դեպքից հետո աշխատող տաղավարների աշխատակիցներին, այլ անձանց, ովքեր կարող էին փոքրիշատե տեղեկություն ունենալ դեպքի հետ կապված, նախորդող ժամանակահատվածի հետ կապված:
Երևանի առևտրի կենտրոնի շենքի ո՛ր հարկում է բռնկվել հրդեհ և պայթյուն որոտացել՝ ուսումնասիրությունը շարունակվում է: Տեղեկությունները, վարկածները բազմաթիվ են: Նախաքննությունից ելնելով՝ դատախազը շատ փակագծեր չի բացում: Պայթյունի էպիկենտրոնից փրկվածներ կա՞ն, թե՞ ոչ՝ դժվար է ասել: Մնացականյանի խոսքով՝ տարածքում տեղադրված տեսախցիկները մեծ մասամբ պահպանվել են. ուսումնասիրվում է յուրաքանչյուր դետալ, նաև դեպքին նախորդող ժամերի՝ տոնավաճառ մարդկանց ելքն ու մուտքը:
Ծովակ Մնացականյան - Մեծ թվով տեսախցիկներ են եղել. թե՛ «Սուրմալու» առևտրի կենտրոնի անվտանգության տեսանկարահանող սարքերի առկայությունը, թե՛ մանր տնտեսվարողների կողմից տեղադրված տեսախցիկների մեծ մասը պահպանվել է: Ինչքանով տեսախցիկների արձանագրած տեղեկությունը օգուտ կտա՝ ցույց կտա քննությունը, լիահույս եմ, որ մեծ ներդրում կունենա հանրորեն վտանգավոր արարքի նախորդող ժամանակահատվածի վերջնական բացահայտմանը: Կան սարքեր, որ անգամ վնասված լինելու դեպքում դեռ հնարավոր է հիշողության կրիչից տեղեկություն դուրս բերել:
Նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ հրդեհատեխնիկական և պայթյունատեխնոլոգիական: Փորձագետները դեռ աշխատում են տարածքում: Առևտրի կենտրոնի ղեկավարության հետ ևս իրականացվել են վարութային գործողություններ:
Ծովակ Մնացականյան - Մանրամասները ներկայացնել չեմ կարող, բայց, այո՛, շփումներ եղել են, ամեն ինչ իրավապահների տեսադաշտում է, որևէ բան դուրս չի կարող լինել:
Դատախազի խոսքով՝ 2021-ի ապրիլին «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհի առնչությամբ փորձագիտական եզրակացությունները ստացվել են 2022-ի հունիսին: Եզրակացությամբ արձանագրվել են մի շարք խախտումներ: Գործը առավել բազմակողմանի քննելու համար փոխանցվել է Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:
Ծովակ Մնացականյան - Եզրակացությունների առկայությամբ երկար սպասեցնել չի տա: Նախաքննություն իրականացնող քննիչի կողմից քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, միջնորդությունը բավարարվել է, որոշումն ուղարկվել է քննիչին՝ մեղադրանք ներկայացնելու համար:
Օգոստոսի 14-ի դեպքի հետ կապված մեղադրյալներ դեռ չկան: Վնասված բազմաթիվ մեքենաները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք՝ ապրանքագիտական փորձաքննությամբ վնասի չափը պարզելու, քրեական վարույթի շրջանակում իրավապահներին հետաքրքրող հետքերի, տեղեկությունների հայտնաբերման նպատակով: